Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀԺԱՄ կուսակցությունն «այո» կքվեարկի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին

 ՀԺԱՄ կուսակցությունն «այո» կքվեարկի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» (ՀԺԱՄ) կուսակցությունը որոշել է  «այո» ասել սահմանադրական փոփոխությունների` դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին: Այս մասին կուսակցության նոյեմբերի 28-ին կայացած համագումարում հայտարարեց ՀԺԱՄ-ի  խորհրդի նախագահ Աշոտ Ավալյանը: Նա ընթերցեց կուսակցության քաղաքական հայտարարությունը: «ՀԺԱՄ կուսակցությունն ստեղծման առաջին իսկ օրվանից բարձրաձայնել է կառավարման խորհրդարանական համակարգի առավելությունների մասին: Պառլամենտարիզմն ընկած է ՀԺԱՄ կուսակցության քաղաքական սկզբունքների հիմքում: Հայաստանի ապագան համագործակցային ժողովրդավարությունն է: Վերջինիս հիմքերն են կառավարման պառլամենտական համակարգն ու պառլամենտական մշակույթը: ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարում է՝ կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հայտարարությունում:

Կուսակցության ղեկավարը հավելեց, որ ՀԺԱՄ-ը շուտով մշակելու է իր նոր ծրագիրը, որը կբխի նոր Սահմնադրության՝ կուսակցությանը հոգեհարազատ դրույթներից:

«Դեռևս 2001 թվականից մենք ունեցել ենք երկու սկզբունքային դիրքորոշում. կողմնակից ենք եղել կառավարման պառլամենտական համակարգին, և՝ կոմնակից ենք եղել 100 տոկոս համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպմանը»,- նշեց Աշոտ Ավալյանը՝ հավելելով, որ սահմանադրական բարեփոխումները հենց այս սկզբունքների տրամաբանության շրջանակներում են: Նրա գնահատմամբ՝ թույլ է փոփոխություններին դեմ հանդես եկողների այն տեսակետը, որ նոր Սահմանադրությունը իշխանություններին տալու է վերընտրվելու հնարավորություն, քանի որ աշխարհում չկա մի երկրիր, որտեղ իշխող կուսակցությունը չուզենա վերընտրվել: «Համոզված եմ, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներով սահմանադրական բարեփոխումներին «այո» ասողների թիվն անհամեմատ մեծ է լինելու»,- շեշտեց ՀԺԱՄ-ի ղեկավարը:

Համագումարի հյուրերից ելույթ ունեցավ նախկին ՀԺԱՄ-ական, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Նա ողջունեց համագումարի պատվիրակներին, որոնք հավաքվել են «այո» ասելու նոր Սահմանադրության նախագծին: «Այն մեր պետությունը և հասարակությունը բարձրացնելու է որակական մեկ այլ հարթություն»,- ընդգծեց պատգամավորը: Նրա խոսքով՝ ՀԺԱՄ-ն իր ուրույն տեղը կզբաղեցնի նոր քաղաքական իրականության մեջ, քանզի այն միշտ եղել է համագործակցային մշակույթի կողմնակից:

Վահրամ Մկրտչյանի գնահատմամբ՝  նոր սահմանադրությունը լուծելու է երկու կարևոր խնդիր, որոնցից առաջինը մարդու իրավունքների երաշխավորումն է, ինչը իրավական պետության անկյունաքարն է, երկրորդը՝ սահմանում է ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին համապատասխան պետական կառավարման համակարգ, և դրա հիմքում պառլամենտարիզմն է: «Մենք դեկտեմբերի 6-ից հետո ունենալու ենք նոր Հայաստան: Այն ուժերը, որոնք չեն ցանկանում Սահմանադրության բարեփոխումը, դրա նախագծին ընդդիմանում են վերափոխվելու ցանկության բացակայության պատճառով: Սահմանադրական բարեփոխումներից հետո փոխվելու է քաղաքական էլիտան, որը դառնալու է յուրօրինակ համագործակցության սուբյեկտ և հայացքն ուղղելու է ապագայի կառուցմանը»,- եզրափակեց Վահրամ Մկրտչյանը:

ՀԺԱՄ կուսակցությունը Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության 13-րդ համագումարում վերակազմակերպման արդյունքում առանձնացված հասարակական-քաղաքական միավոր է: ՀԺԱՄ առաջին համագումարը տեղի է ունեցել 2001թ. հոկտեմբերի 4-ին: Հիմնադրման օրվանից ՀԺԱՄ-ը որդեգրել է «Ձևավորե´նք միջին խավ» կարգախոսը և իր գործունեությունն ուղղորդել փոքր և միջին գործարարների շահերի պաշտպանությանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am