Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանը պատրաստակամ է խորացնել հարաբերությունները Դանիայի հետ. ՀՀ Նախագահ

Հայաստանը պատրաստակամ է խորացնել հարաբերությունները Դանիայի հետ. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանին նոյեմբերի 27-ին իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Դոնս Քրիստենսենը (նստավայրը՝ Կիև): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնել հարաբերությունները Դանիայի Թագավորության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Հանրապետության Նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերի խորացումը, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում սերտ համագործակցությունը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Դանիայի Թագավորությանը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին մինչ այժմ ցուցաբերված աջակցության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է ս.թ. ապրիլի 19-ին Կոպենհագենի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ աղոթքի արարողության կազմակերպման գործում Դանիայի աջակցությունը և կարևորում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրի խորհրդարանի ընդունած հայտարարությունը, որը, Նախագահի համոզմամբ, Ցեղասպանության ճանաչման գործընթացի ուղղությամբ կարևոր քայլ է:

Դանիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ ընդունելության ու շնորհավորանքի համար և հավաստիացրել, որ իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում ջանք չի խնայի խորացնելու հայ-դանիական մեծ ներուժ ունեցող համագործակցությունը և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները: Դեսպան Քրիստենսենն ընդգծել է, որ Դանիան Հայաստանը դիտարկում է որպես լավ գործընկեր, ում հետ անհրաժեշտ է զարգացնել սերտ փոխգործակցություն:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Դանիայի դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am