Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայկական ջազի անթոլոգիա». տասը ձայնասկավառակում 75 տարվա ստեղծագործություններ են ամփոփված

«Հայկական ջազի անթոլոգիա». տասը ձայնասկավառակում 75 տարվա  ստեղծագործություններ 
են ամփոփված

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ջազի 75-ամյա հարուստ ավանդույթներն այսուհետ մեկտեղված են «Հայկական ջազի անթոլոգիա» խորագրով 10 ձայնասկավառակներում: 1938-2013 թթ. հանրաճանաչ ու ոչ այնքան տարածված ստեղծագործությունները պատմում են միայն բարություն քարոզող հայկական ջազ ելևէջների մասին: Շուտով գործելու է նաև armjazz75 անվանումով կայքը, որը հանրությանը կներկայացնի նշյալ ստեղծագործությունները, ինչպես նաև հարուստ տեքստային և լուսանկարչական արխիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 23-ին կայացավ «Հայկական ջազի անթոլոգիա» նախագծի armjazz75 ձայնասկավառակների շնորհանդեսը: Նախագծի հեղինակ, «TM Production»-ի տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը նշեց, որ երկու տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում լույս է ընծայվել 10 ձայնասկավառակ և գրքույկ, որը պատմում է հայկական ջազի և նշյալ ստեղծագործությունների մասին: «Հիմնական բարդությունն այն էր, որ ձայնագրությունների հետ պահպանված չէին տվյալներ, թե ովքեր են նվագել, որ ստուդիաներում, և մենք փորձել ենք հավաքել ու գտնել ողջ տեղեկատվությունը: Ձայնասկավառակում առկա է 109 ստեղծագործություն, որոնց յուրաքանչյուրի համար գրված են հեղինակը, կատարողները, ձայնագրման ստուդիան, տարեթիվը»,-հայտնեց Թովմաս Մարտիրոսյանը`  հավելելով, որ այդ աշխատանքն իրականացնելիս ստացել են Հանրային ռադիոյի, ինչպես նաև ջազ երաժիշտների օգնությունը:

Նրա խոսքով` ձայնասկավառակները բաժանված են երեք մասի` հեղինակներ, կատարողներ ու խմբեր, շարվածքը ըստ տարեթվերի է, գրքույկն էլ` հայերեն, անգլերեն ու ռուսերեն:

Թովմաս Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ Ֆրասնիայում անցկացված Միդեմ փառատոնին անթոլոգիան նվիրել է Շարլ Ազնավուրին, ով զարմացել է` տեսնելով հայկական ջազի հարուստ ավանդույթները:

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն էլ նկատեց, որ, որոշակի ժամանակ ջազային երաժշտությունն ինքնամփոփ մնալով, հնարավորություն ունի իր 75-ամյա գործունեության արդյունքը ցուցադրել համայն մարդկությանն ու հատկապես ջազի սիրահարներին: «Սա այն երաժշտական ուղղությունն է, որն իր մեջ պարունակում է միայն բարություն: Այս անթոլոգիայի լույս ընծայումն առաջինն է, բայց հույս ունենք այն կունենա իր շարունակությունը, գուցե հետագայում անդրադառնանք հայ երաժշտության մյուս ուղղություններին նույնպես»,-հույս հայտնեց երաժիշտը:

Վարդազարյանի խոսքով` անթոլոգիան լիովին արտացոլում է հայկական ջազային անցած ճանապարհը` ներառելով նաև քիչ հնչող ու ոչ այնքան ծանոթ ստեղծագործություններ, որոնք իրենց մեծ դերն ու նշանակությունն են ունեցել այս երաժշտության զարգացման բնագավառում:

Հայտնի դաշնակահար Լևոն Մալխասյանը, ով նախագծի հեղինակներից է, տեղեկացրեց, որ հյուրախաղերին իրենց հետ տարել են անթոլոգիան, նվիրել արտասահմանցի գործընկերներին ու նկատել են, որ հետաքրքվածությունը բավականին մեծ է: Անդրադառնալով հայկական ջազի ավանդույթներին` Մալխասը շեշտեց, որ պարտադիր չէ ջազային դաշնակահարի, թմբկահարի կողքին դնել դուդուկ, թավ, զուռնա, որ դա դառնա հայկական: «Արմեն Հյուսնունցի ջազ-բենդն այսօր նվագում է ամերիկյան ստանդարտ, որի մեջ անմիջապես նկատվում է Արևելքի շունչը: Բավական հաճախ ես էլ, Վահագն Հայրապետյանն էլ, երբ նվագում ենք ամերիկյան երաժշտություն, դրանում արդեն դնում ենք հայկականը»,-ավելացրեց երաժիշը:

«Հայկական ջազի անթոլոգիա»-ն թողարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աջակցությամբ: Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը նշեց, որ կատարվել է հսկայածավալ աշխատանք, ուսումնասիրվել են մասնավոր ու պաշտոնական արխիվներ, վերականգնվել են բացառիկ ձայնագրություններ, որոնք այսօր մեծ արժեք են ներկայացնում:

«Հայկական ջազի երաժշտագիտական արժեքն է ներկայացված սկավառակներում և,  երբ այն արտասահմանյան հայտնի երաժշտներին ու արվեստի գործիչներին ենք ներկայացրել, անթաքույց հիացմունքով է ընդունվել ու բարձր գնահատվել անթոլոգիան մասնավորապես, իսկ հայկական ջազը` ընդհանրապես»,-հավելեց Շուշան Սարդարյանը:

Քանի որ նախագիծը կոմերցիոն նպատակ չի հետապնդում, անթոլոգիայի թողարկումը սահմանափակ թվով է իրականացվել, բայց լայն հարությանը հասու դարձնելու նպատակով, ներկայում պատրաստվում է նաև armjazz75 ինտերնետային կայքը, որը կգործարկվի մինչև տարեվերջ: Շուշան Սարդարյանի տեղեկացմամբ` դրանում տեղ կգտնեն որ միայն բոլոր ձայնագրությունները,այլ այն ողջ տեքստային նյութը, լուսանկարները, որոնք հնարավոր չի եղել զետել գրքույկում: Կայքը հետագայում կարող է համալրվել այլ տարիների լավագույն ստեղծագործություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am