Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արմեն Երիցյանը ծանոթացել է Արմավիրի կրթօջախներում իրականացվող աշխատանքների ընթացքին

Արմեն Երիցյանը ծանոթացել է Արմավիրի կրթօջախներում իրականացվող աշխատանքների 
ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այցի շրջանակներում նախարարն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղել է Վաղարշապատի թիվ 8 միջնակարգ դպրոցում, թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցում և Աղավնատուն համայնքի` զոհված ազատամարտիկ Ղուկաս Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցում:

Շրջելով Վաղարշապատի թիվ 8 դպրոցում` նախարար Երիցյանը  ծանոթացել է դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Վերջինս վերանորոգվել է ՀՀ կառավարության հրատապ ծրագրի շրջանակներում, մասնավորապես, մոնոլիտով վերականգնվել է դպրոցի ողջ առաստաղը և ամրացվել է տանիքը: Դպրոցում սովորում է 315 աշակերտ: Նախարարն այցելել է նաև դպրոցին կից նախակրթարան, որն ունի 39 սան: Արմեն Երիցյանը զրուցել է նախակրթարանի տնօրենի հետ, հետաքրքրվել երեխաների առօրյայով և նրանց համար նախատեսված ճաշացանկով:

Արմեն Երիցյանի այցի հաջորդ կայանը Վաղարշապատի թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցն է եղել, որը նույնպես հիմնանորոգվում է նույն ծրագրի շրջանակներում: Դպրոցն ունի 121 սան և նախատեսված է ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 6-15 տարեկան երեխաների համար: Արմեն Երիցյանը դպրոցի տնօրեն Լ. Սայադյանի ուղեկցությամբ հետևել է հիմնանորոգման աշխատանքներին և ծանոթացել դպրոցի առկա խնդիրներին, մասնավորապես, քննարկվել է դպրոցի հիմնանորոգվող մասնաշենքի ջեռուցման հարցը:

Աղավնատուն համայնքի Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ դպրոց ՏԿԱԻ նախարարի այցի առիթը դպրոցի 100-րդ տարեդարձն է եղել: Նախարարն Արմավիրի մարզպետի ուղեկցությամբ շրջել է դպրոցով, ծանոթացել դպրոցի ուսուցչական անձնակազմին, ինչպես նաև մասնակցել է կրթօջախի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Դպրոցում սովորում է 290 աշակերտ:

Շնորհավորելով դպրոցի 100-րդ տարեդարձը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մի շարք պարգևներ, շնորհակալագրեր և պատվորգրեր է հանձնել դպրոցի ղեկավար և ուսուցչական անձնակազմին: Հանդիսավոր արարողության ավարտին դպրոցի տոնի կապակցությամբ ուսուցչական անձնակազմին և աշակերտներին շնորհավորել է նաև ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նշելով, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել հանդիսավոր արարողությանը և շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրենին ու գյուղապետին կատարված աշխատանքների համար` նախարարն ընդգծել է. «Ես տեսնում եմ, որ դպրոցի զարգացման և բարօրության համար մեծ աշխատանք է տարվել թե’ տնօրենի, թե’ համայնքապետի կողմից: Մեր այսօրվա աշխատանքով մենք պատասխանատու ենք մեր երեխաների առաջ և հաշվետու ենք մեր գալիք սերունդներին: Ուզում եմ նշել, որ, ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ գյուղերը, չպետք է մոռանանք նաև Երևանին մոտ գտնվող համայնքների խնդիրների ու զարգացման մասին», - եզրափակելով իր խոսքը` նախարարը դպրոցի ուսուցչական կազմի ներկայացուցիչներին և աշակերտներին հրավիրել է այցելելու ՀՀ ՏԿԱԻՆ և ծանոթանալու նախարարության կառավարման գործընթացին և ՃԿԱԿ աշխատանքներին:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Արմեն Երիցյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մշակում է դպրոցաշինության նոր ծրագիր` ուղղված ՀՀ մարզերի դպրոցների բարեկարգմանը:

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արմեն Երիցյանն այցելել է Մյասնիկյանի գինու գործարան` խաղողի ընդունման գործընթացին ծանոթանալու և գործարանին խաղող մատակարարող գյուղացիների հետ զրուցելու նպատակով: Այս տարի գործարանը պատրաստվում է մթերել 7 հազար տոննա խաղող, ինչը թույլ կտա գյուղացիներից գնել պայմանագրով նախատեսված քանակությունը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am