Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երեք օրում` 67 վարպետության դաս. «Հարթակ»-ը հավակնում է նոր միտում ներդնել հայկական փառատոնային իրականություն

Երեք օրում` 67 վարպետության դաս. «Հարթակ»-ը հավակնում է նոր միտում ներդնել հայկական 
փառատոնային իրականություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային իրադարձություններով լիառատ հոկտեմբերը կհարստանա նոր փառատոնով. հոկտեմբերի 16-18-ը առաջին անգամ հանրապետությունում կանցկացվի փորձի փոխանակման փառատոն, որի ընթացքում ՀՀ քաղաքացիները և օտարերկրյա հյուրերը կսովորեն ինչպես ճամփորդել առանց գումարի, վավերագրական ֆիլմ նկարահել, առողջ ապրելակերպ վարել, հայկական կալիոգրաֆիա (գեղեցիկ և հստակ ձեռագրով գրելու արվեստ) և կծանոթանան արվեստի այլ հետաքրքիր ուղղությունների: Փառատոնի տնօրեն Քրիստինա Հարությունովան լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ 3 օրում կանցկացվի 67 վարպետության դաս արհեստի և արվեստի, խոհանոցի, առողջ ապրելակերպի, «նոու հաու»-ի թեմաներով: Լինելու են հյուրեր նաև արտերկրից: Փառատոնի շրջանակում Վրաստանից կժամանի սթրիթ-արտիստ, տիկնիկային անիմացիայի վարպետ` Ռուսաստանից, բրիտանացի մասնագետ Թոմ Ալենը կպատմի վավերգարական ֆիլմ ստեղծելու հմտությունների մասին:

««Հարթակ»-ը գործնական դասընթացների և վարպետության դասերի եռօրյա փառատոն է, որն անցկացվելու է Երևանի տարբեր անկյուններում: Այն մյուս փառատոններից կտարբերվի այն հանգամանքով, որ այցելուները կմասնակցեն աշխատանքային գործընթացին, և իրենց ձեռքով կպատրաստեն ամենը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց փառատոնի համահիմնադիրներից Մանուշակ Վահրամյանը` հավելելով, որ փառատոնին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել փառատոնի www.hartakyerevan.com կայքում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով`  այս նախաձեռնությունը ևս մեկ հնարավորություն է ներկայացնել հայկական մշակույթը և միտված է հայկական զբոսաշրջային հնարավորությունների բազմազանեցմանը, համայնքների տնտեսական զբոսաշրջային ներուժի բացահայտմանը և զարգացմանը: Զբոսաշրջության բազմազանեցման և խթանման համատեսքստում, Ապրեսյանի կարծիքով, փառատոնները շատ հզոր և արդյունավետ գործիք են: «Մեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան են գալիս հենց փառատոնին մասակցելու համար: Օրինակ` Արենի  գինու փառատոնին այս տարի մասնակցել են բազմաթիվ զբոսաշրջիկներ ամենատարբեր երկրներից: Փառատոններից մի քանիսը ընդգրկված են զբոսաշրջային փաթեթներում և մեծ հավակնություն ունեն միջազգային շուկայում հայտնի դառնալու»,- նկատեց  զբոսաշրջության վարչության պետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am