Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հովիկ Աբրահամյանը «Մայքրոսոֆթ»-ի փոխնագահին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Հովիկ Աբրահամյանը  «Մայքրոսոֆթ»-ի փոխնագահին պարգևատրել է ՀՀ վարչապետի 
հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանին:

Վարչապետը բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը և վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ընդլայնելու և խորացնելու փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև 2015թ. մայիսին Համագործակցության հուշագրի և պայմանագրերի ստորագրումը կնպաստի նոր հեռանկարային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, և ՀՀ կառավարությունը հանձնառու է այդ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը կառավարության գերակա ուղղություններից է, և տարեկան այս ոլորտում գրանցվող աճի բարձր տեմպը պայմանավորված է նաև «Մայքրոսոֆթ»-ի արդյունավետ գործունեությամբ՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցության համար, որը դրսևորվում է մեր երկրում գործող ինովացիոն կենտրոնի և այլ նախաձեռնությունների միջոցով:

Իր հերթին Վահե Թորոսյանը նշել է, որ հպարտանում է ՀՀ-ի և «Մայքրոսոֆթ»-ի բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են մեր երկրում ՏՏ բնագավառում արձանագրվող շարունակական առաջընթացին: «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար և բարձր գնահատել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Նա նշել է, որ «Մայքրոսոֆթ»-ը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունը և շարունակելու ներդրումները ՏՏ ոլորտում՝ նպաստելով մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Միևնույն ժամանակ Վահե Թորոսյանը վերահաստատել է «Մայքրոսոֆթ» ընկերության պատրաստակամությունը՝ կատարելու Համագործակցության հուշագրով և պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը` Հովիկ Աբրահամյանը և Վահե Թորոսյանը մտքեր են փոխանակել հետագա համագործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, արծարծվել են համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, մտավոր սեփականության պաշտպանությանը, կրթական նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն բնագավառների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին կառավարության ղեկավարը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am