ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդը դատապարտել է Անկարայում հավաքի դեմ հարձակումը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը դատապարտել է Անկարայում «Ոչ պատերազմին, խաղաղություն եւ աշխատանք» կարգախոսով արհմիութենական հակառազմական հանրահավաքի դեմ հարձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշվում է ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դանիել Հոլդգենի տարածած հաղորդագրությունում:
«Առավոտյան Անկարայից ստացված լուրերը ցնցող և անհանգստացնող են: Սա անողոք ու բարբարոսական հարձակում էր խաղաղ ցուցարարների դեմ: Իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին և սիրելիներին: Հավաքների և խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներն են»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդը:
Անկարայում երկաթուղային կայարան տանող կամրջի տակ «Ոչ պատերազմին, խաղաղություն եւ աշխատանք» կարգախոսով արհմիութենական հակառազմական հանրահավաքի մեկնարկից առաջ երկու պայթյուն է տեղի ունեցել:
Պայթյունների վայրում կան մեծ թվով զոհեր եւ վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության եւ հրշեջ մեքենաներ: Նախնական տվյալներով` պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Նշվում է, որ այդ պայթյունների հետեւանքով մեծ վնաս է կրել նաեւ Անկարայի երկաթուղային կայարանի պատմական շենքը:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում