Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱՄՆ-ն անհանգստացած է զորքերի շփման գծում լարվածության աճով. Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան

ԱՄՆ-ն անհանգստացած է զորքերի շփման գծում լարվածության աճով. 
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ԱՄՆ-ի դեպան Ռոբերտ Սեկուտան այսօր Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է զորքերի շփման գծում լարվածության աճով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, դեսպան Սեկուտան ասել է, որ ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չի համարում:

Նշելով, որ ԼՂ խնդրով զբաղվում  են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուս համանախագահները, Ռոբերտ Սեկուտան ասել է. «Եթե մարդիկ են մահանում, հակամարտությունը չի կարող համարվել «սառեցված»: Մենք կողմերի հետ աշխատում ենք հակամարտության խաղաղ լուծման համար: Բոլոր կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն լարվածության թուլացման եւ հակամարտության կարգավորման համար»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991 թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի անցկացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:

1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին ադրբեջանական կողմի խնդրանքով ստորագրված համաձայնագիրը: Ներկայում հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am