Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ուսուցչի տոնի առթիվ 44 մանկավարժներ արժանացան ՀՀ ԿԳՆ հուշամեդալների և պատվոգրերի

Ուսուցչի տոնի առթիվ 44 մանկավարժներ արժանացան ՀՀ ԿԳՆ հուշամեդալների և 
պատվոգրերի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցչի տոնի առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար հանրապետության դպրոցների լավագույն 44 մանկավարժները հուշամեդալներ և պատվոգրեր ստացան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից: Շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ` Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ մանկավարժ լինելը նախևառաջ առաքելություն է: «Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեր նվիրումի համար: Վստահ եմ, որ շուրջ 38 հազարանոց ուսուցչական «բանակն» արժանի է, որ այս օրը նշվի պետականորեն: Մանկավարժները շատ նման են բժիշկներին, քանի որ այս բնագավառներում միայն լավ մասնագետ լինելով անհնար է հաջողություններ գրանցել, որովհետև մանկավարժի առաքելությունն է` «այրվել, որպեսզի լուսավորվի այլոց ճանապարհը»: Ես շնորհակալ եմ ձեզ, որ զբաղվում եք ուրիշի երեխաներով, քանի որ այս ժամանակահատվածում, երբ մարդիկ հազիվ հասցնում են իրենց երեխաների հոգսերը հոգալ, մարդիկ, ովքեր ի պաշտոնե, աշխատանքի և առաքելության բերումով զբաղված են ուրիշի երեխաների դաստիարակությամբ բազմապատիկ անգամ արժանի են դրվատանքի և երախտագիտության խոսքերի: Մանկավարժի օրը և կյանքը հեշտ չէ Հայաստանում և խոստովանենք, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր, երբեք էլ հեշտ չի եղել: Եվ մանկավարժներն են, որ իրենց վրա են վերցնում այդ դժվարությունների ամբողջական բեռը, երբ բարեփոխումների, սոցիալ-տնտեսական վիճակի, սերունդների փոփոխության և բարոյահոգեբանական մթնոլորտի ու արժեքների ճգնաժամի պարագայում դուք այն բացառիկ իմունային շերտն եք, որ աշխատում է ի օգուտ հասարակության ապագայի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`իր շնորհավորական խոսքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` շնորհավորելով նաև Արցախում, Սփյուռքում, ինչպես նաև Ջավախքում աշխատող բոլոր ուսուցիչներին:

Նա նկատեց, որ տարիների ընթացքում հարյուրավոր հանդիպումներ է ունեցել Հայաստանի բոլոր շրջաններում և Սփյուռքում աշխատող մանկավարժների հետ և քաջատեղյակ է նրանց խնդիրներին: «Իմ մայրը երկար տարիներ աշխատել է որպես ուսուցիչ, և ես ականատես եմ եղել, թե ինչ է նշանակում փորձել հոգալ սեփական երեխաների հոգսերը` միաժամանակ ստուգելով մի խուրձ տետր, պատրաստվելով բարդ դասերի և միջոցառումների անցկացմանը»,-վերհիշեց նախարարը` փաստելով, որ ուրախ է այս միջոցառմանը տեսնել նաև տղամարդ մանկավարժներին, ինչը վերջին տարիներին բավական հազվադեպ երևույթ է: «Վերջին տարիներին շատ է խոսվում, որ տղամարդ մանկավարժները քչացել են, իհարկե, այդ խնդրի լուծման համար կա շատ պարզ դեղատոմս. պետք է մանկավարժի ֆինանսական գնահատականը հասցնել այնպիսի մակարդակի, որ նա կարողանա ընտանիք պահել, ինչը ներկա պահին դժվար լուծելի խնդիր է: Ցավոք, այսօր սա է մեր հնարավորությունը: Սակայն, համոզված եմ, որ դա հուսալքության պատճառ չէ, քանի որ մենք ունեցել ենք նաև շատ ավելի դժվար ժամանակներ: Մենք այս ուղղությամբ որոշակի նոր ծրագրեր ունենք, օրինակ` «Կրթության գերազանցության» ազգային ծրագիրը, որով լավագույն մանկավարժներին բավական մեծ աշխատավարձ ենք խոստանում և տարակարգերի ներդրված մեխանիզմը, որը թույլ է տալիս լավագույն ուսուցիչներին ստանա մինչև հիսուն տոկոս ավելի աշխատավարձ»,-շեշտեց Աշոտյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում պարգատրման արարողությանը ՀՀ ԿԳՆ հուշամեդալով պարգևատրվեցին Լոռու մարզի Գուգարքի Հովհաննես Շիրազի անվան ավագ դպրոցի և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Զարուհի Մելքումյանը, Երևանի թիվ 121 հանրակրթական դպրոցի տնօրեն Օֆելյա Աղաբեկյանը, Երևանի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի տնօրեն Լարիսա Մկրտչյանը եւ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Առաքելյանը: 

ՀՀ ԿԳՆ հուշամեդալով պարգեւատրված Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ մանկավարժի սրտացավ աշխատանքը միշտ էլ տալիս է դրական արդյունքներ: «Ես համոզված եմ, որ երեխայի դաստիրարակության գործում, բացի դպրոցից, մեծ դեր է խաղում նաև ընտանեկան դաստիարակությունը: Երեխաները պետք է հարգանքով վերաբերվեն ուսուցչին, ինչպես մեր ժամանակներում էր. նույնիսկ եթե մեր պահանջները արդարացի էին, իսկ ուսուցիչը սխալ մոտեցում էր ցուցաբերում մեր նկատմամբ, մեր ընտանիքներում մեզ ասում էին, որ մենք իրավունք չունենք քննադատելու ուսուցչին: Ներկայում ծնողների մեծամասնությունը երեխայի չհիմնավորված բողոքի դեպքում էլ անցնում է երեխայի կողմը, ինչը սխալ մոտեցում է»,-շեշտեց նա:

Մրցույթի ամփոփումից հետո կպարզվեն «Տարվա լավագույն ուսուցիչը», «Տարվա լավագույն տնօրենը» և «Տարվա լավագույն դաստիարակը» և ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին նախատեսվող տոնական միջոցառմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am