Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջորկաեֆը հիացած է այսօրվա Երևանով. Տարոն Մարգարյանն ընդունել է հայտնի ֆուտբոլիստին

Ջորկաեֆը հիացած է այսօրվա Երևանով. Տարոն Մարգարյանն ընդունել է հայտնի 
ֆուտբոլիստին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի կազմակերպիչ, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած, կիսամարաթոնի մասնակիցներ, Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆին, Լատվիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Գունտիս Զալիտիսին և Հունաստանի ատլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Դիմակոս Պանագիոտիսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ համառոտ ներկայացրել է մայրաքաղաքում սպորտային կյանքի աշխուժացմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին ծրագրային հստակ քաղաքականություն է տարվում ինչպես մայրաքաղաքի մարզական օջախների պայմանների բարելավման ու դրանք համապատասխան մարզագույքով ապահովելու, այնպես էլ Երևանում առողջ ապրելակերպի  խթանման  ուղղությամբ:

«Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը հստակ է, և Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացմանն ուղղված ծրագրերը շարունակական են: Մարզական օջախների նորոգման ու նոր մարզագույքով համալրելու ուղղությամբ տարվող աշխատանքներից բացի, մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում մենք բակային տարածքերն ենք նաև կահավորվում մարզական գույքով ու ֆուտբոլի փոքր խաղադաշտերով, ինչը, համոզված եմ, իր կարևոր դերն ունի առողջ ու սպորտասեր սերունդ դաստիարակելու գործում: Եվ ուրախալի է, որ հատկապես վերջին տարիներին երևանյան մարզիկները տարբեր մարզաձևերում շոշափելի ձեռքբերումներ են գրանցում, այդ թվում նաև համահայկական ու հանրապետական մրցումներում՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով պատվավոր առաջին տեղը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 3-ին առաջին անգամ Երևանում կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնին` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այն մեծ սիրով կընդունվի մայրաքաղաքի բնակիչների կողմից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ռոբերտ Էմմիյանն իր հերթին կիսամարաթոնի բոլոր մասնակիցների գոհունակությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ երևանյան առաջին միջազգային կիսամարաթոնի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Հայազգի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆն էլ իր հերթին նկատել է, որ սպորտի զարգացման հարցում Երևանի քաղաքապետի մոտեցումները, ըստ էության, հենց այն հիմնական գրավականն են, որոնք անպայման կնպաստեն առողջ ապրելակերպի խթանմանը: «Բոլոր սփյուռքահայերիս համար, պարոն քաղաքապետ, համոզված եղեք, որ Երևանն իրոք հարազատ է ու անփոխարինելի: Ու ես ուրախ եմ, որ մեր բոլորի մայրաքաղաքն այսօր տեսնում եմ ավելի գեղեցիկ, բարեկարգ ու հարմարավետ: Վերջին անգամ այստեղ եմ եղել 1999 թվականին ու պետք է խոստովանեմ, որ հիացած եմ այսօրվա Երևանով: Նաև շատ ուրախ եմ, որ քաղաքը զարգացնելուն զուգահեռ Դուք առանձնակի կարևորում եք սպորտի դերը՝ առողջ սերունդ դաստիարակելու հարցում: Լիահույս եմ, որ միջազգային այս կիսամարաթոնը ևս իր ուրույն նպաստը կբերի այդ գործին ու կսիրվի քաղաքի բնակիչների կողմից»,- նշել է Յուրի Ջորկաեֆը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու նմանօրինակ նախաձեռնություններին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am