Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ադրբեջանն իր գործողություններով մոտեցնում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանն իր գործողություններով մոտեցնում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը. 
Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը ստանում է համապատասխան հակահարված և մոտ ժամանակներս «խելքը գլուխը կհավաքի»: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին և ծանր հրետանու կիրառմանը՝ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:  

«Իրենք արդեն անցել են բոլոր սահմանները, խոսքը վերաբերում է ոչ միայն ուղղակի այդ գործողություններին, այլև այն լկտիությանը, որով Ադրբեջանը վերաբերվում է միջազգային իրավունքին, իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին: Վերջիվերջո կա 1994 թվականի զինադադարի համաձայնագիր, ի դեպ, ինքը՝ Ադրբեջանն է այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին խնդրել զինադադար կնքել: Կա 1995 թվականի պայմանագիր՝ զինադադարի ռեժիմն ամրապնդելու մասին: Այսինքն, ստացվում է, որ միջազգային իրավունքը նրա համար ոչինչ է: Այսինքն, Ադրբեջանինը մոտավորապես նույն վարվելակերպն է, ինչ դրսևորում են այսօրվա ահաբեկչական տարբեր կազմակերպությունները: Ադրբեջանը գործում է նույն ձեռագրով՝ սպանել մարդկանց, ոչնչացնել հուշարձանները, խոսքը վերաբերում է Հին Ջուղայի խաչքարերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը:

ՀՀ փոխրատգրոծնախարարը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանն իր քայլերով մոտեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի հասունացման պահը: «Ադրբեջանի նմանատիպ վարքագիծը բերելու է այդ գործընթացին»,- ընդգծեց Քոչարյանը:

Միաժամանակ, փոխնախարարը նշեց, որ միջազգային հանրության համար տեղի ունեցող ողջ գործընթացը հստակ է, պարզ է նաև բանակցային պրոցեսի խանգարողը, ով թույլ չի տալիս, որպեսզի գործընթացն առաջ շարժվի: Քոչարյանի դիտարկմամբ՝ հայկական կողմի դիրքորոշումը միջազգային հանրության համար մշտապես եղել է հստակ, պարզ ու ըմբռնելի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am