Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Արմեն Աշոտյանը Սահմանադրական փոփոխությունները Հայաստանի ներսում ծնված պահանջարկ է համարում

Արմեն Աշոտյանը Սահմանադրական փոփոխությունները Հայաստանի ներսում ծնված 
պահանջարկ է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ծնվել է որպես պահանջարկ հենց Հայաստանի ներսում: Սահմանադրության ներկայացված նախագծի վրա հանգիստ կարելի է գրել «պատրաստված է Հայաստանում»: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Եթե 2005թ. սահմանադրական փոփոխությունների նախագիծը կազմվել էր Ստրասբուրգում, 1995թ. նախագծի հիմքում դրվել էր ֆրանսիական կառավարման համակարգը, ապա այս նախագիծը ծնվել է հենց Հայաստանի ներսում՝ որպես պահանջարկ: Ես կարծում եմ, որ սա հենց վկայությունն է մեր երկրում քաղաքացիական հասարակության և պետության զարգացման, երբ քաղաքական ղեկավարությունը գնում է սահմանադրական փոփոխությունների՝ որպես օրակարգի հարց: Մենք այլևս այդքան կանք, որպեսզի որպես քաղաքական էլիտա ունեցող պետություն, բարելավենք մեր Սահմանադրությունը»,- նշեց Աշոտյանը:

Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե նոր նախագծի ընդունման դեպքում խարխլվելու են պետության հիմքերը՝ Աշոտյանը նշեց. «Գիտեք, հաշվի առնելով օրվա առանձնահատկությունները, ես մի կողմ եմ դնում մեր բոլոր քաղաքական տարաձայնությունները և ցանկանում եմ շնորհավորել նաև Հայաստանի Հանրապետության առաջին նախագահին, ով եղել է մեր երկրի ղեկավարը անկախության հռչակման օրերին: Ինձ համար նա այդ տեսակետից պատմական ու քաղաքական խորհրդանիշ է: Մնացածը քաղաքական ակտիվ կյանքի հետևանք է: եթե պայքարի մեջ ես, հարկավոր է միշտ պատրաստ լինել և հարվածելուն, և հարված ընդունելուն: Կարծում եմ, որ ներքաղաքական պայքարը՝ իր թերություններով հանդերձ, երբեք դուրս չի գալու իր շրջանակային մշակույթից: Անկախ երբեմն ծայրահեղ էմոցիոնալ ձևակերպումներից կամ ոչ հարիր քաղաքական մոտեցումներից՝ մենք, այնուհանդերձ, նույն ազգի քաղաքական վերնախավն ենք: Լավն ենք, թե վատն ենք, դա ուրիշ հարց է: Սակայն մենք երկուսով ենք. և ընդդիմությունը, և իշխանությունը միասին են պատասխանատու մեր երկրի ապագայի համար»:

Աշոտյանն ընդգծեց, որ Հայաստանում քաղաքական սերնդափոխության խնդիր կա: Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման պարագայում ստեղծվելու են հրաշալի ելակետային հնարավորություններ՝ քաղաքական համակարգի ուրվագիծը փոխելու ճանապարհով ուժեղացնել քաղաքական կուսակցությունների դերը, ինչպես նաև լրացուցիչ դերակատարներ ի հայտ բերել, որոնք դուրս պետք է հանեն երկիրը երեք նախագահների առեղծվածային եռանկյան հնարավոր փոխհարաբերություններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am