Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ի տնօրենը մտահոգված է Հայաստանում ներառական կրթության հասանելիությամբ

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ի տնօրենը մտահոգված է Հայաստանում 
ներառական կրթության հասանելիությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներառական կրթությունը նորմալ երևույթ է քաղաքակիրթ աշխարհում, Հայաստանն էլ պաշտոնապես ամրագրել է այդ քաղաքականությունը, բայց մեր երկրում դրա լիակատար իրագործման լուրջ խնդիրներ է տեսնում հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ունիսոն» կազմակերպությունը: Լրագրողների հետ հանդիպմանն «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, մասնավորապես, մտահոգություն հայտնեց, որ ներկայում ներառական կրթություն իրականացնող 140 դպրոցներից ոչ բոլորն են պատրաստ այդ գործառույթն իրականացնելուն: Միևնույն ժամանակ նա նկատեց, սակայն, որ նշված գործընթացում հանրապետության140 դպրոցների ներգրավվածությունն արդեն իսկ Հայաստանին առաջատար դիրք է տալիս հետխորհարդային երկրների շարքում: «Եթե դպրոցը դառնում է ներառական, ստանում է հավելյալ բյուջե, դպրոցը պարտավորվում է ընդունել կրթության առանձնահատուկ կարիք ունեցող բոլոր երեխաներին: Բայց մեզ մտահոգում է այն, թե արդյոք այդ դպրոցները 100 տոկոսով պատրաստ են ներառական լինելուն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արմեն Ալավերդյանը:

«Ունիսոն»-ի տնօրենի խոսքով, խնդիրները կապված են ինչպես ֆիզիկական մատչելիության, այնպես էլ հոգեբանական ասպեկտների հետ: «Եթե անգամ բոլոր դպրոցների մուտքի մոտ առկա լինեն թեքահարթակներ, արդյո՞ք ներսում կան լիակատար պայմաններ, սանհանգույցները, դասասեղանները, մարզադահլիճը հարմարեցվա՞ծ է հաշմանդամ երեխաների կարիքներին: Բայց ավելի մտահոգիչ է  որոշ տնօրենների մոտեցումը հարցին, որոնք երբեմն ներառական կրթությանն անցումը համարում են լրացուցիչ գումարներ ստանալու առիթ կամ մոդայիկ երևույթ, հեղինակային դպրոց դառնալու ձև»,-նկատեց Արմեն Ալավերդյանը:

Բանախոսը նշեց, որ ներառական դպրոցներում կրթություն ստացող հաշմանդամ երեխաներն առաջադիմում են իրենց կրթության մեջ, բայց հիմնականում ներառական կրթությունն իրական է դառնում թեթև մտավոր ու ֆիզիկական արատ ունեցող երեխաների համար: «Ոչ բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաների համար են բաց դպրոցները»,-նշեց բանախոսը: Արմեն Ալավերդյանը նաև խնդրահարույց համարեց բուհերում ներառական կրթության ապահովումը: «Բուհերի ներառականության արդյունքները գոհացուցիչ չեն: Հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր համալսարանների ուսանողների մեջ հաշմադնամություն ունեցող ուսանողները կազմում են ընդամենը 1 տոկոս, ինչը շատ վատ ցուցանիշ է»,-շեշտեց Արմեն Ալավերդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am