Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում խոշորագույն շինարարական ընկերությունը հայտնվել է փակվելու եզրին

Ադրբեջանում խոշորագույն շինարարական ընկերությունը հայտնվել է փակվելու եզրին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով արդեն փակված արդյունաբերական խոշոր ձեռնարկություններին զուգահեռ փակվելու եզրին է հայտնվել այդ երկրի խոշորագույն ճանապարհաշինարարական AzVirt ընկերությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ընկերությունը սահմանափակել է իր գործունեությունը եւ կրճատել աշխատակիցների մեծամասնությանը:

Ադրբեջանում 2014 թվականի կեսերից սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով AzVirt ընկերությունը չի կարողացել ստանալ ոչ մի պետպատվերի խոշոր նախագիծ, ավելին, կորցրել է առկա պատվերների մեկ երրորդը: Դա կապված է Ադրբեջանում ընդհանուր առմամբ ճանապարհների շինարարության ֆինանսավորման կրճատումների հետ:

Վերջին խոշոր պատվերը AzVirt ընկերությունը ստացել է 2014 թվականին: Անցյալ տարվա ապրիլին ընկերությունն սկսել էր «Սպիտակ քաղաք» նախագծի շրջանակում ճանապարհի 7 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը: Ճանապարհը ծրագրվում էր շահագործման հանձնել 2016 թվականին, սակայն ընկերությունը հրաժարվել է դրա շինարարությունից ֆինանսավորման բացակայության պատճառով:

AzVirt-ն Ադրբեջանում ճանապարհների շինարարությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունն է: Այն հիմնադրվել է 1990-ականների կեսերին` որպես ադրբեջանա-գերմանական ձեռնարկություն: Սակայն հետո ընկերությունը փոխել էր իր սեփականատիրոջը:

Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի հետեւանքով արդեն փակվել են «Սումգայիթի տեխնոլոգիական պարկ» արդյունաբերական խոշորագույն ձեռնարկությունը: Բարդ իրավիճակ է ստեղծվել Azenco ընկերությունում, որը զբաղվում է էներգետիկական եւ մի շարք ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությամբ:

Արդյունաբերական համալիրի բանվորների խոսքով` կրճատումները նոր պետական պատվերների բացակայության արդյունք է: Ներկայում Ադրբեջանում իրենց աշխատանքը դադարեցրել են եւս երկու արդյունաբերական հսկաներ` Սումգայիթի խողովակագլանման եւ ալյումինի գործարանները:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ նավթի համաշխարհային գների անկման հետ կապված Ադրբեջանի էներգետիկ հատվածի ձեռնարկություններում զանգվածային կրճատումների հետեւանքով գործազուրկների շարքերը լրացրել են հազարավոր աշխատավորներ:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: Դա է պատճառը, որ նավթի համաշխարհային գների անկումը լուրջ ճգնաժամ է առաջացրել Ադրբեջանի տնտեսության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am