Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանն ուղիներ է փնտրում Գյուլենի հետ հաշտվելու համար

Էրդողանն ուղիներ է փնտրում Գյուլենի 
     հետ հաշտվելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 13 տարի հետո միանձնյա կառավարություն կազմելու հնարավորությունը կորցրած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որին չի հաջողվել նաեւ կոալիցիոն կառավարություն ձեւավորել խորհրդարան անցած ըննդիմադիր կուսակցությունների հետ, ուղիներ է որոնում նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ ընտրություններում խորհրդարանում իր համար անհրաժեշտ մեծամասնություն ապահովելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ԱԶԿ-ն ծրագրել է ընտրություններից առաջ դաշինք կազմել արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետ` մոտ հարաբերությունների մեջ գտնվելով հայտնի նախկին վարչապետ Նեջմեդդին Էրբաքանի «Սաադեթ» (Երջանկություն) կուսակցության հետ:

Ըստ թուրքական մամուլի` եթե երկու կուսակցությունների մերձենալու մասին լուրերը ճշմարիտ են, ապա դա խոսում է այն մասին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հասնելու համար Էրդողանը պատրաստ է անգամ հաշտության գնալ Գյուլենի հետ, ում նա դեռ 2013 թվականի դեկտեմբերին իր թիվ մեկ թշնամի էր հայտարարել:

Նշվում է, որ եթե անգամ նման դաշինք չստեղծվի, ապա մամուլում հրապարակված այդ լուրը կարող է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենին ուղղված հաշտության ուղերձ հանդիսանալ:

«Սաադեթ» կուսակցության հետ ԱԶԿ-ի միջեւ դաշինք ստեղծելու միջնորդությունը ստանձնել է «Սաադեթ»-ի նախկին առաջնորդ Ռեջաի Քութանը:

ԱԶԿ-»Սաադեթ» զույգի հետ կապված ավելի վաղ հոդված էր հրապարակել ԱԶԿ-ին մոտ կանգնած թուրքական «Վահդեթ» (Եզակիություն) թերթը, որտեղ նշել է, որ կողմերի միջեւ դաշինք ստեղծվելու վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունի «Սաադեթ»-ի ներկայիս առաջնորդ Օղուզխան Ասիլթուրքը:

Ընտրություններից առաջ ԱԶԿ-ի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներում «Սաադեթ» կուսակցության հասցեին բազմաթիվ մեղադրանքներ էին հնչեցվել առ այն, որ այդ կուսակցության մարդիկ «զուգահեռ պետություն» ստեղծվելու մեջ մեղադրվող Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդներն են: Սակայն այն պատճառով, որ գործընթացները չգնացին ԱԶԿ-ի ծրագրած սցենարով, հունիսի 7-ին միանձնյա իշխանություն ստանալու շանսը կորցրած Էրդողանը, ով չի ցանկանում կիսել իշխանությունը որեւէ այլ կուսակցության հետ, ամենայն հավանականությամբ, «Սաադեթ»-ը համարում է իր միակ փրկությունը, որի հիմնադիր Նեջմեդդին Էրբաքանին ընդունում է որպես քաղաքականության իր առաջին ուսուցիչ:

Ըստ թուրքական մամուլի` օգոստոսի 27-ին «Սաադեթ»-ի վարչական խորհրդի գաղտնի հավաքը կապված է եղել հենց այս հարցի հետ:

Էրդողանը հույս ունի, որ դաշինքի գնալով «Սաադեթ»-ի հետ, կկարողանա նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում միանձնյա իշխանություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատագամավորական մանդատներ ձեռք բերել իշխող ԱԶԿ-ի համար:

2013 թվականի դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում` այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են «տապալել իր կառավարությունը»: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am