Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի Հայ Կաթողիկե առաջնորդարանի առաջնորդին
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն օգոստոսի 27-ին այցելել է Իրանի Հայ Կաթողիկե Առաջնորդարան, որտեղ հանդիպել է առաջնորդ Նշան արքեպիսկոպոս Գարաքեհեյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում արքեպիսկոպոս Գարաքեհեյանը դեսպան Թումանյանին է ներկայացրել Իրանի հայ կաթողիկե համայնքի պատմությունը, ինչպես նաև նրա ներկայիս ներգրավվածությունը երկրի հասարակական և մշակութային կյանքում:
Դեսպան Թումանյանը կարևորել է Իրանի հայ կաթողիկե համայնքի դերակատարությունը հայապահպանման գործում և նշել, որ Իրանում ՀՀ դեսպանությունը մշտապես պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերին և առավել խորացնել համայնքի հետ տարիների ընթացքում ձևավորված ջերմ հարաբերությունները:
Հանդիպումից հետո դեսպան Թումանյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկե եկեղեցի և առաջնորդապատկան «Ալիշան» դպրոց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում