Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հնդկաստանի օրեր Հայաստանում» փառատոնը ներկայացնում է երկրի մշակույթն ու ազգային հարստությունները

«Հնդկաստանի օրեր Հայաստանում» փառատոնը ներկայացնում է երկրի մշակույթն ու ազգային 
հարստությունները

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթ օր շարունակ Երևանում կներկայացվի Հնդկաստանի մշակույթն ու ազգային հարստությունները: Հայ-հնդկական հարաբերություններն առավել սերտացնելու նպատակով մայրաքաղաքում կազմակերպվել է «Հնդկաստանի օրեր Հայաստանում» փառատոնը: Փառատոնի օգոստոսի 31-ին կայացած պաշտոնական բացմանը   մասնակցեցին տարբեր երկրների դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գերատեսչությունների աշխատակիցներ, արվեստագետներ:  

Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն նշեց, որ նման միջոցառում անցկացնելու մտահղացումն այն երիտասարդներինն է, ովքեր սիրում են Հնդկաստանը, իսկ դեսպանությունը համաձայնել է աջակցել նրանց:

«Մենք համագործակցում ենք «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության հետ, որն ամեն ինչ անում է, որ տարածի Հնդկաստանի մշակույթը Հայաստանում, բարեկամության կամուրջ է ստեղծում Հայաստանի և Հնդկաստանի միջև: Սա մեկ շաբաթ տևող ծրագիր է, որն առնչվելու է Հնդաստանին և նրա մշակույթին: Այս օրերին Հնդկաստանում երեք տարբեր տոներ են նշվում. որոշել ենք շաբաթվա ընթացքում անդրադառնալ այդ տոներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց դեսպանը` հավելելով, որ ծրագիրն սկսվել է նախորդ օրը, բայց պաշտոնապես բացվում է օգոստոսի 31-ին:

Սուրեշ Բաբուի խոսքով` շաբաթվա ընթացքում նախատեսվում են տարատեսակ միջոցառումներ, որոնք պատմելու են Հնդկաստանի, երկրի տուրիզմի, խոհանոցի մասին: «Մշակույթը շատ մեծ ուժ ունի, և երբ այն ներգրավում է տարբեր մարդկանց, նրանք սկսում են շփվել, սովորել միմյանցից: Ցանկացած նման միջոցառում նպաստելու է հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծեց Հնդկաստանի դեսպանը:

Փառատոնի մեկնարկը տրվեց ջահի վառման ավանդական արարողությամբ: Ներկայացվեցին հնդկական երգեր և պարեր, կազմակերպվեց ավանդական ուտեստների հյուրասիրություն: Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ն անցկացվող «Հնդկաստանի օրեր Հայաստանում» մշակութային փառատոնը կազմակերպում են «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ն և «Հավանա» ռեստորանային համալիրը` Հնդկաստանի դեսպանության բարձր հովանու ներքո: Փառատոնի նպատակն է ստեղծել Հնդկաստանի հետ միջմշակութային երկխոսության նոր հարթակ` այս երկրի իրական մշակութային արժեքների ճանաչման միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am