Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ես չեմ կարող իմ ինքնության մասին մտածել հայությունից դուրս. օգոստոսի 31-ը Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

Ես չեմ կարող իմ ինքնության մասին մտածել հայությունից դուրս. օգոստոսի 31-ը Վիլյամ 
Սարոյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու ու մարդկայինի մասին իր պատումներով համաշխարհային գրականության ականավորների շարքին դասված հայազգի գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է այսօր` օգոստոսի 31-ին:

Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թվականին Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է մանկատանը: Այնուհետև մայրը որդուն վերցրել է մանկատնից ու կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա նա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է. գրել է փոքրիկ պատմվածքներ: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933թ-ին տպագրվել է նրա առաջին պատմվածքը` Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա...», լույս է տեսել 1934 թվականին և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին:

Սարոյանի վիպակներում և պատմվածքներում մարմնավորված իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվները հետաքրքիր լուծում են ստացել նաև դրամաներում՝ «Իմ սիրտը լեռներում է» (բեմադրվել է 1939թ-ին, հայ բեմում՝ 1961թ-ին, Մոսկվայում՝ 1962թ-ին), «Կյանքիդ ժամանակը» (բեմադրվել է 1939թ-ին, հայ բեմում՝ 1981թ-ին), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (բեմադրվել է 1942թ-ին, հայկական հեռուստատեսային կինոնկար՝ 1981թ.), «Կոտորածն մանկանց» (բեմադրվել է 1952թ-ին, հայ բեմում՝ 1986 թ-ին), «Քարանձավի մարդիկ» (բեմադրվել է 1957թ-ին, Մոսկվայում՝ 1968թ-ին), «Խաղողի այգին» (հայ բեմում՝ 1971թ-ին), «Մի գավաթ բարություն» (հայ բեմում՝ 1994թ-ին):

Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ:

1939թ-ին «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակների, բայց վերջինից (10 հազար դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին:

1942թ-ին Սարոյանը զորակոչվել է բանակ: Երկրորդ աշխարհամարտը (1939– 1945թթ.) և պատերազմը, ընդհանրապես, նա ընկալել է որպես մարդկության մեծագույն աղետ: Այդ թեման արտացոլվել է «Մարդկային կատակերգություն» (1942 թ., համանուն ֆիլմի սցենարի համար 1944թ-ին արժանացել է «Օսկար» մրցանակի) վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946թ.) վեպում:

1950–60-ական թվականներին գրողն ապրել է Եվրոպայում. ստեղծել է ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք՝ «Ինչ-որ ծիծաղելի բան» (1953թ.), «Հայրիկ, դու խենթ ես» (1956թ.), «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» (1957թ.), «Տղաներ և աղջիկներ» (1963թ.), «Մեկ օր հետկեսօրյա աշխարհում» (1964թ.) և այլն:

1960թ-ին նա վերադարձել է ԱՄՆ. գրել է գլխավորապես հուշագրական ժանրի գործեր՝ նվիրված Չառլի Չապլինին, Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Պաբլո Պիկասսոյին, Եղիշե Չարենցին և ուրիշների, ուշագրավ են նաև նրա մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ:

 Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935թ-ին, այնուհետև՝ 1960, 1976 և 1978թթ-ին: Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է: Մահից առաջ կտակել է, որ իր աճյունի մի մասը թաղվի հայրենի հողում:

Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները:

Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008թ-ին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am