Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Դիրքորոշումների հստակեցման համար քաղաքական ուժերը սպասում են ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը

 Դիրքորոշումների հստակեցման համար քաղաքական ուժերը սպասում են ԱԺ-ում 
սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական ուժերը սպասում են խորհրդարանում Սահմանադրության նոր նախագծի քննարկմանը, որի ընթացքում ևս կներկայացնեն իրենց առաջարկներն ու առարկությունները: Խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժեր սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակներում  հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից նախագահի հետ արդեն իսկ հանդիպել են ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, իսկ արտախորհրդարանական քաղաքական ուժերից՝ Հայոց համազգային շարժում, Ազատ դեմոկրատներ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունների ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց, որ Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում իրենք ներկայացրել են իրենց առարկությունները Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են նախկինում իրենց կողմից ներկայացված առաջարկները, որոնք մասամբ բավարարվել են: «Մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ, տեսնենք, թե հետո ինչ կստացվի: Հանդիպմանը ներկա էր նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, ով պետք է Սահմանադրության նախագիծը ներկայացնի Ազգային ժողովում: Նախագիծն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով, որի քննարկումների ընթացքում կներկայացվեն նոր առաջարկներ: Կքննարկենք կտեսնենք»,- եզրափակեց Արզումանյանը:

Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, որում արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների այն նախագիծը, որն այսօր դրված է քննարկման, ըստ իրենց, չի բխում ՀՀ քաղաքացիների կյանքի բարելավման և վերոնշյալ սկզբունքների իրացման մեկնակետից:

Հայտարարության մեջ նշվում է, որ  Ազատ դեմոկրատներ կուսակցության համար խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոս համամասնական ընտրակարգին  անցումը եղել է նախընտրական ծրագրի մի մաս, սակայն խորհրդարանական կառավարման այն տարբերակը, որն առաջարկվում է ներկայացված նախագծում չափազանց հեռու է այն խորհրդարանական կառավարման համակարգերից, որոնք հաջողությամբ գործում են զարգացած ժողովրդավարական երկրներում: Այս հայտարարությունից հետո Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: 

ՀՅԴ-ն դեռևս նախագահի հետ հանդիպումից առաջ հայտնել էր իր դրական  դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: ՀՅԴ-ն կողմ է Սահմանադրության  նախագծով առաջարկվող փոփոխություններին և ամեն ինչ անելու է դրանք կյանքի կոչելու համար:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագահի հետ հանդիպումները դրական և արդյունավետ էին գնահատել նաև ԲՀԿ և ՀՔԴՄ ներկայացուցիչները

Նախագահի հետ հանդիպումից հետո սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հստակ դիրքորոշում չեն ներկայացրել ՕԵԿ ներկայացուցիչները: Մինչ հանդիպումը ՕԵԿ անդամները դեմ էին արտահայտվում Սահմանադրության նախագծին: 

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am