Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ֆրանսահայ խոհարարը համոզված է, որ Հայաստանն իր մաքուր բնամթերքով կարող է գրավել համաշխարհային շուկան

 Ֆրանսահայ խոհարարը համոզված է, որ Հայաստանն իր մաքուր բնամթերքով կարող է գրավել 
համաշխարհային շուկան

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի խոհարար Ալեն Ալեքսանյանը հին ու ավանդական բարադրատոմսերին ժամանակի շունչ հաղորդելու ջատագով է: Այդպես նա իր ֆրանսիացի այցելուներին հրամցնում է իր տատիկից ժառանգած ուտեստները` որոշակի փոփոխություններով ու նոր համադրություններով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հյուրընկալված խոհարարը կիսվեց հայկական բնամթերքի տարածման ու հանրահռչակման իր տեսլականով: «Հայկական ուտեստներ, այո’, պատրաստում եմ, բայց միշտ փորձում եմ նոր շունչ  հաղորդել դրանց` մի փոքր հեռանալով տատիկների բաղադրատոմսերից, որոնք շատ յուղոտ են: Այլևս ընդունելի չէ յուղոտ ուտելիքներ պատրաստել»,-ասաց Ալեն Ալեքսանյանը` ներկայացնելով իր կողմից մատուցվող շատ պարզ բաղադրատոմս: «Օրինակ, վերցնում եմ սխտորամածուն, որի վրա ավելացնում եմ լոլիկ, ու իմ մատուցման ձևով ես կարողանում եմ այն հայկական դարձնել: Հայերին, եթե հարցնենք, թե որն է ավանդական հայկական ուտելիք, ցավոք, շատերը կասեն խորոված: Ես համաձայն եմ, որ այստեղի խոզի միսը շատ լավն է, բայց անընդհատ խորովածի մասին խոսելով ու այն պատրաստելով` հայկական խոհանոցը չի զարգանա: Դուք կարող եք խոզի միսն այլ կերպ կիրառել: Օրինակ, այն եփել մրգերով, քանի որ միրգը, երբ եփվում է, այն ոչ մի ընդհանրություն չի ունենում հում մրգի հետ, փոխվում է նաև դրա դերը մարսողության մեջ: Ուղղակի պետք է նոր շունչ հաղորդել ամեն ինչին»,-ավելացրեց շեֆ խոհարարը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ալեն Ալեքսանյանը գտնվել է Հայաստանում ու ինտենսիվորեն աշխատել գյուղական համայնքներում այդ տեղանքին բնութագրական բնամթերքի վերաարժևորման ուղղությամբ: Նա հասցրել է ներկա գտնվել Օձունում սեպտեմբերի 12-ին կայանալիք «Օձունի գանձեր» փառատոնի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև օգոստոսի 16-ին Բերդի Մեղրի ու հատապտուղների փառատոնի հյուրերին հայկական ըմպելիք հյուրասիրել: Նրա խոսքով` Օձունում է գտնվում Հայաստանի կանաչ ոսկին` մաքուր դեղաբույսներն ու խոտաբույսերը, ինչպես նաև հատապտղուները, բացի այդ` այնտեղ կա բյուրեղյա մաքուր ջուր: «Օձունում կարող են աճել աշխարհի բոլոր խոտաբույսերը: Աշխարհում կա ուրցի տասը տեսակ, հետաքրքրական է, որ այդ բոլոր տեսակները կարող են այստեղ աճել: Եթե Օձունի հարթավայրից դուրս գանք, հնարավոր չի լինել գտնել որոշ խոտաբույսներ, որոնք հենց այնտեղ են աճում»,-նկատեց Ալեն Ալեքսանյանը: Նա յուրաքանչյուր տարածշրջանում փորձում է մարդկանց շահագրգռել իրենց տարածաշրջանային բնամթերքը երկրի ներսում իրացնելուց բացի, օգտագործել նաև դրսի շուկայում Հայսատանի ճանաչելիությունն էլ ավելի բարձրացնելու համար: «Այս բոլոր խոտբույսերը պետք է արտահանել, նպաստել, որ գյուղերը չդատարկվեն: Իմ նպատակն է, որ տեղում գյուղացիները հասկանան, թե այդ ողջ հարստությունն ինչպես կարող են շահագործել»,-ավելացրեց ֆրանսահայ խոհարարը:

Նրա խոսքով` ներկայում Եվրոպան տարված է օրգանական մթերք օգտագործելու ցանկությամբ, իսկ Հայաստանում գրեթե ամեն ինչ շատ մաքուր է, մրգերը, խոտաբույսերը, խոզի միսը: «Ես հաճույքով նկատում եմ, որ հայկական գինին որակի առումով աճ է ապրել: Գինու, բանջարեղենի համադրությունը կարող է խոհանոցային հրաշալի բաղադրատոմսեր հրամցնել, եթե դուք կարողանաք գինին համադրել որոշակի մրգերի հետ, Հայաստանը կարող է աշխարհին տալ լավագույն դեսերտներ»,-նշեց խոհարարը:

Անդրադառնալով Մեղրի ու հատապտուղների փառատոնին իր կողմից պատրաստված «Մեղրաբույր» ըմպելիքին, որի բաղարդությունն են կազմում տեղի խոտաբույսերը` ուրց, խնկածաղիկ, նանա, մեղր ու հատապտուղներից մոշը, հապալասը, ազնվամորին ու հոնը`Ալեն Ալեքսանյանն առաջարկեց սառը թեյին փոխարինող այդ ըմպելիքից ստանալ հայկական նոր բրենդ: «Բացի այդ, եթե ուզում եք որոշակի տղամարդկային շունչ տալ այդ ըմպելիքին, կարելի է մի քանի կաթիլ  օղի ավելացնել, այդպիսով` այն կփոխարինի «Մոխիտոյին» ու կդառնա «Արմենիտո»: Դրանով կստեղծվի ոչ միայն շատ համեղ ըմպելիք, այլև նոր բրենդ»,-ասաց նա:

Ալեն Ալեքսանյանը նաև եղել է Տավուշի մարզի Այրում քաղաքում Ռոն Ալպ տարածաշրջանի կազմակերպության և Օրանժ հիմնադրամի համագործակցությամբ Հայկական միջմասնագիտական միջազգային միության իրականացրած ծրագրի շրջանակներում ստեղծված պահածոների գործարանում և աշխատակիցների հետ մշակել մուրաբաներ ու պահածոներ պատրաստելու նոր բաղադրատոմսեր ու տեխնոլոգիաներ: Դրանք հարմարեցվել են եվրոպական ճաշակին, ու ինչպես, Ալեն Ալեքսանյանն է նշում, պատրատվել են քիչ շաքարով ու եփվել ավելի քիչ: Այս ամենի հիման վրա խոհարարը նաև գիրք է պատրաստել, որը շուտով հասանելի կլինի հայ ընթերցողին: «Գիրքը, հավանաբար, կունենա «Ինչպես պատրաստել մուրաբաներ» անվանումը և կպատնի թե ինչպես պետք է աշխատել, ինչպես արտադրել, ինչ բաղադրատոմսերով և այլն»,-տեղեկացրեց նա:

Ալեն Ալեքսանյանը ծնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում և մինչև 15 տարեկան ապրել Լիոնի մոտակայքում գտնվող Լիմոնե ֆերմայում իր հայազգի տատիկի հետ: 15 տարի «Տուր դե Ֆրանս»-ում խոհանոցային արվեստում աշխատելուց հետո 1986 թվականին Լիոնում հիմնել է «Ալեքսանդրիան» ռեստորանը:

Լինելով ծագումով հայ` Ալեն Ալքեսանյանը մասնագիտացել է հայկական խոհանոցի և օրգանիկ մթերքների օգտագործման մեջ: Նա նաև ստեղծել է սննդի խորհրդատվական կազմակերպություն, այնուհետև 2010-ին ստեղծել «Կամելիա» կազմակերպությունը, որը զարգացնում է թեյի պատրաստման կոնցեպտը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am