Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալացի դիրիժորն անհամբերությամբ է սպասում «Ռեքվիեմ»-ի արցախյան պրեմիերային

Իտալացի դիրիժորն անհամբերությամբ է սպասում «Ռեքվիեմ»-ի արցախյան պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագիծ, որը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին. այսպես է բնորոշում սեպտեմբերի 1-ին  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմ»-ի արցախյան պրեմիերան իտալացի ճանաչված դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած և Արցախում այս իրադարձությանը մասնակցող Մարչիանոն փաստում է` չի վախենում Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքներից: Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից բաղկացած «24/04» նվագախմբի դիրիժորն «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է Արցախ կատարելիք իր այցի մասին:

 Առաջին անգամ եմ գնում Արցախ

Ես շատ արտոնյալ եմ ինձ զգում, քանի որ ինձ այստեղ է հրավիրել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Իմ այցի գլխավոր նպատակն է մեկնել Արցախ և մասնակցել «Ռեքվիեմ»-ի արցախյան պրեմիերային: Շատ կարևոր մշակութային միջոցառում է, բոլորիս համախմբում է համաշխարհային լեզուն`երաժշտությունը և քարոզում է խաղաղություն: Ես գիտեմ, որ Արցախը շատ գեղեցիկ բնաշխարհ ունի և անհամբեր սպասում եմ, որ այնտեղ լինեմ, հանդիպեմ մարդկանց և հիանամ գեղեցկությամբ:

Դիրիժորն` Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու մասին

Սա արդեն երրորդ նախագիծն է, որն իրականացնում է ՀՀ առաջին տիկինը: Այս նախագիծը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին: Ես շատ ուրախ եմ մասնակցել այս նախագծին: Ինձ հետ չի կանգնեցնում ինչ-որ քաղաքական հարցերից ելնելով նման միջոցառման մասնակցելուց վախենալը: Սա այնպիսի մշակութային ծրագիր է, որ կոչ է անում բացել սահմաններն ու ապրել խաղաղությամբ: Որպես արտիստ` ոչ ոք նման միջոցառումներից հետ չի կանգնի:

Մարչիանոն Թուրքիայում ելույթներ ունենալ-չունենալու մտավախություններ չունի  

Ես կվախենայի նման իրավիճակից, եթե իմ ֆինանսականն ու կարիերան դասեի ավելի վեր, քան մարդկային հարաբերությունները և գեղարվեստական արժեքները: Ես չեմ վախեցել, երբ ելույթ եմ ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման շրջանակներում: Թուրքիայում չեմ եղել, միայն օդանավակայանում մի քանի անգամ կորցրել եմ ճամպրուկներս: Այդքան էլ էական չէ: Ես` որպես արտիստ, կողմ եմ խաղաղությանը: Եթե ինչ-որ երկիր ինձ հետ խնդիր ունի, դա տվյալ երկրի խնդիրն է, և ոչ թե իմը:

Անհամբեր սպասում եմ հայաստանյան համերգին

Նոյեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում ելույթ եմ ունենալու, կատարելու եմ Մալերի առաջին սիմֆոնիան, անհամբեր սպասում եմ իրադարձությանը:  

Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ցանկություն ունեմ կատարել արտասահմանում

Ապրիլի 24-ին արդեն իսկ կատարել եմ հայ կոմպոզիտորների գործեր: Երեկ ստացել եմ որոշ նոտաներ, որ սովորեմ: Հատկապես Ավետ Տերտերյանի ստեղծագործությունների նոտաներ են: Իմ երազանքն է կատարել Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիան: Պլանավորում եմ կատարել հայ կոմպոզիտորների գործերը, շատ գեղեցիկ են: Ցանկություն կա ներկայացնել դրանք ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:

«Ալ Բուստան» փառատոնի գեղարվեստական ղեկավարը` Երիտասարդական նվագախմբի մասին  

Առաջին իսկ տարվանից, երբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ մեր «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում, բոլորը հիացած էին նրա պրոֆեսիոնալիզմով: Այն մենակատարները, որոնց հետ երաժիշտները համագործակցեցին, շատ գոհ էին: Ղեկավարությունը որոշեց, որ համագործակցություն պետք է շարունակվի, երկրորդ տարին հաստատեց մեր համոզմունքը: 2016 թվականին մենք մշակել ենք ծրագիր, որ կկատարենք նվագախմբի հետ:

Մաեստրո Մարչիանոյի հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է. նա հանդես է եկել որպես դաշնակահար, այսօր ամենապահանջված դիրիժորներից մեկն է, ղեկավարում է Արևելքի ամենանշանավոր երաժշտական փառատոներից մեկը։ Ջանլուկա Մարչիանոն կանգնել է բազմաթիվ նվագախմբերի դիրիժորական վահանակի մոտ, հանդես եկել հայտնի բեմերում, ճանաչված մենակատարների հետ։ Եղել է մի շարք մրցույթների ժյուրիի անդամ։ Մարչիանոն ամուր կապեր ունի Զագրեբի, Մինսկի, Պրահայի, Լոնդոնի օպերային թատրոնների հետ։ Եղել է Զագրեբի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը։ 2011-2014թթ. Մարչիանոն զբաղեցրել է Թբիլիսիի պետական օպերային թատորնի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Ռումինիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Gli Armonici», Լոնդոնի կամերային նվագախմբերի հրավիրյալ դիրիժորն է։ Մաեստրոն Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ Ջանլուկա Մարչիանոն այն 4 դիրիժորներից մեկն է, ովքեր 2015թ. ապրիլի 24-ին ղեկավարել են «24/04» համաշխարհային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգը։

Ռոզա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am