Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին

ԷՋՄԻԱԾԻՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 25-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին` ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի:

Ողջունելով Վենետիկյան հանձնաժողովի ներկայացուցիչների այցը Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ունեցած հոգևոր և ազգապահպան կարևոր առաքելությանը, ներկայացրել նաև Հայրենիքի անկախության պայմաններում Եկեղեցու հոգևոր կրթա-դաստիարակչական գործունեությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունն ի դեմս հյուրերի գնահատանք է հայտնել Վենետիկի հանձնաժողովին` օրենքների մշակման գործում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության և խորհրդատվության համար: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը վստահությամբ է ընդգծել, որ հանձնաժողովի ներկայացուցիչների այցը Հայաստան կնպաստի լավագույնս հասկանալու Հայաստանի բնակչության մտածելակերպը, մշակույթը և քրիստոնեական արժեքների վրա խարսխված արժեհամակարգը:

Իր հերթին պրն. Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացը և անցնող օրերի ընթացքում հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կատարած աշխատանքը` մասնավորապես ընդգծելով, որ արդեն հանրային քննարկման ներկայացված նախագիծն իրավական, ժողովրդավարական պետության կայուն սահմանադրական նախադրյալներ է ստեղծում: 

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև երկրում առկա կրոնական ազատություններին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին: Զրուցակիցները կարևորությամբ ընդգծել են Եկեղեցու դերը հասարակության կյանքում խաղաղության ու համերաշխության պահպանման, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am