Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սեպտեմբերից ընդունվում են «.հայ» հայատառ դոմենային գոտում անվանում գրանցելու հայտեր

Սեպտեմբերից ընդունվում են «.հայ»  հայատառ դոմենային գոտում անվանում գրանցելու 
հայտեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունը 2015-ի սեպտեմբերի 1-ից սկսում է հայատառ «.հայ» դոմենային գոտում անվանումների գրանցման հայտերի ընդունման գործընթացը, որի նպատակն է առաջնային գրանցման հնարավորություն տալ ֆիրմային անվանումների և ապրանքանիշերի իրավատերերին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխանախագահ Գրիգորի Սաղյանը, տրվում է երեք ամիս ֆիրմային անվանումը կամ ապրանքանիշը «.հայ» գոտում գրանցելու համար:

Նրա տեղեկացմամբ` հայտերն ընդունվում են միայն առցանց isoc.am կայքի միջոցով: Հայտի ուսումնասիրման  համար նախատեսված է 5000 դրամ վճար` այնքան, որքան  արժե մեկ դոմենային անունը մեկ տարվա համար: «Ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում դրական եզրակացության առկայության դեպքում հայտատուն ստանում է տվյալ դոմենային անվան գրանցման իրավունք և կարող է գրանցել այդ դոմենային անունը «.հայ» տիրույթում դոմենների գրանցման իրավունք ունեցող ցանկացած կազմակերպությունում: Առաջնահերթ գրանցման հայտ ներկայացնելու ժամանակաշրջանն ավարտվում է 2015թ-ի նոյեմբերի 30-ին: Առաջնային գրանցման ժամանակաշրջանից հետո «.հայ» գոտում անունների գրանցման գործընթացն ընթանալու է isoc.am կայքում ներկայացված քաղաքականության համաձայն` ընդհանուր»,- հայտնեց Գրիգորի Սաղյանը` նշելով, որ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է վերոնշյալ կայքում:

Հարցին ի պատասխան, թե որ դեպքերում չի տրվի դոմենային անվանում` Գրիգորի Սաղյանը նշեց` կեղծ ու ակնհայտորեն  ոչ պարզ ապրանքանիշի կամ ֆիրմային անվանման դեպքում: Բացի այդ, հնարավոր է երկու հայտատու լինեն, ովքեր հիմնավորումներ ներկայացնեն նույն դոմենային անվանման համար, այդ դեպքում դոմեն տրամադրող ընկերությունը կառաջարկի երկու հայտատուներին բանակցել, իսկ նրանց միջև համաձայնության լինելու դեպքում` աճուրդ կարող է անցկացվել:

Գրիգորի Սաղյանի հավաստմամբ` ցանկության դեպքում արտասահմանյան ընկերությանը ևս կտրվի դոմեն: «.հայ»-ի դեպքում մեր քաղաքականությունը շատ չի տարբերվում «.am» դոմենի քաղաքականությունից` բացառությամբ մի քանի կետերից, որոնք վերաբերում են կայքի հայատառ լինելուն»,-հայտնեց Գրիգորի Սաղյանը:

Ինչ վերաբերում է հայատառ դոմենի անվտանգության ապահովմանը, ապա Գրիգորի Սաղյանի խոսքով` կան նշյալ խնդրի լուծման ստանդարտ միջոցներ, որոնք էլ կկիրառվեն: «.am»-ի փորձը կարող ենք կիրառել, այս դոմենի գործունեության 21 տարվա ընթացքում ոչ մի միջադեպ չենք ունեցել»,-ավելացրեց զրուցակիցը:

Ի՞նչ կտա հայատառ դոմենը հայաստանյան համացանցային տիրույթին հարցին` Գրիգորի Սաղյանը պատասխանեց. «Քանի որ մեր անցկացրած հարցումը ցույց է տվել, որ բնակչության 30 տոկոսն այլ լեզվի չի տիրապետում ու միայն հայերեն գիտի, սա թույլ կտա այդ մարդկանց էլ լիարժեք օգտվել այն ռեսուրսներից, որ ունի «.հայ» դոմենը: Գովազդի տեսնակյունից էլ` շատ բրենդեր ճանաչելի են միայն հայերեն, այդ ընկերությունների համար ձեռնտու է ունենալ հայատառ դոմեն, քանի որ միանգամից մարդու աչքին կզարնի հայերենը»:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի դիտարկամբ` հայատառ դոմենի առկայությունը կարևոր քայլ է հայերեն լեզվամտածողության պահպանության առումով: Մանավանդ, երբ ամբողջ աշխարհում ապրում է 10 միլիոն հայ, որոնցից շատերը տարիների ընթացքում կորցնում են հայերենով իրենց մտքերը մաքուր շարադրելու կարողությունը: «Այն մարդիկ, ովքեր դարձել են անգլախոս, հնարավոր է շատ չկարևորեն այս փաստը, բայց ես բավական բարձր եմ գնահատում այս իրադարձությունը հայապաշտպանության, լեզվամտածողության առումով: Շատ հայեր, ովքեր ամենօրյա շփումներ ունեն ու անգլերեն էին շփվում, հիմա կարող են հայերեն հաղորդակցվել: Սկզբից մի քիչ դժվար կլինի, բայց դա կստիպի, որ մայրենին վերհիշեն»,-ասաց Հովիկ Մուսայելյանը` հավելելով, որ հայատառ դոմենը տեսնելով իսկ մարդիկ հոգեբանորեն պատրաստ կլինեն անցնել հայերենին:

Հովիկ Մուսայելյանի համոզմամբ` հայատառ դոմեն գրանցելու ամենամեծ դրդապատճառը պետք է լինի հայրենասիրությունը, իսկ տնտեսական շահերն ընթացքում կիրացվեն:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական ընկերությունները պատրաստ կլինեն հայատառ դոմենային անվանում գրանցել ու օգտագործել` Հովիկ Մուսայելյանը նշեց. «Տեղեկատվական և հեղահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում մտածողությունն ավելի դինամիկ է, որովհետև շատ արագ է ամեն ինչ փոխվում, բայց ընդհանուր առմամբ գործարար աշխարհը շատ պահպանողական է: Ամեն նորը միանգամից ընկալել ու հայտ ներկայացնել, մի քիչ դժվար է: Այստեղ քննակումներ են պետք, կլոր սեղաններ և’ գործարարների շրջանում, և’ ՏՀՏ տարբեր միությունների շրջանակներում: Մարդիկ պետք է հասկանան, թե իրենց ինչին է պետք հայատառ դոմենը»:

2015-ի հուլիսին ICANN (The International Corporation for Assigned Names and Numbers) ընկերությունը հաստատել է «.հայ» բարձր մակարդակի նոր ինտերնետ-դոմենը: Դրա շնորհիվ օգտատերերը հնարավորություն կստանան գրանցելու հայալեզու ինտերնետ հասցեներ:

Դոմենը տրամադրվել է «Հայաստանի ինտերնետ հանրություն» (ISOC) կազմակերպությանը, որը գրանցել է այն 2014 թվականին: ISOC-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը ներկայացնում է Հայաստանի գլխավոր ինտերնետ պրովայդերներին, համալսարանները, գրադարանները, ակադեմիան, հետազոտական կենտրոններն ու դպրոցական ցանցերը: 2007-ին ընկերությունը դարձավ «.am» հայկական լատինատառ դոմենի մենեջերը: Հայաստանի համար նոր դոմենի գրանցման մտադրության մասին հայտարարվել էր դեռ 2013-ին:

Պատրաստեց Անի Նազարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am