Հասմիկ Պողոսյանի և Արև Սամուելյանի պաշտոնանկությունը պահանջող կազմակերպության մասին Մշակույթի նախարարությունում չեն լսել
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը բարձր է գնահատում Օձուն համայնքի տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցուվերականգնման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը` անդրադառնալով «Օձուն» տեղեկատվական կենտրոն կոչվող կազմակերպության մեղադրանքներին:
«Որպես ոլոտային փոխնախարար, նախարարության ներկայացուցիչ, հուշարձանների ոլորտի պատասխանատու ուզում եմ փաստել, որ վերականգնման աշխատանքները կատարվել են նախագծով, որը հաստատված էր եռակողմ պայմանագրի շրջանակում: Այն կնքվել էր մշակույթի նախարարության, Մովսես Ձավարյանի ստեղծած բարեգործական հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև: Աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են և խստորեն վերահսկվել են: ՀՀ մշակույթի նախարարությունը բարձր է գնահատում նախագիծը, շինարարությունը, աշխատանքները, շնորհակալ է բոլոր մասնակիցներին, որոնք իրենց բարոյական, հոգեբանական և ֆինանսական աջակցությունն են ցուցաբերել: Իրականացվել է մեզանում լավագույն վերականգնման փորձը , որը շատերին հպարտությամբ ցույց ենք տալիս որպես մեր երկրի այցեքարտ»,-նշեց Արև Սամուելյանը:
Նրա խոսքով` վերջերս Վրաստանի մշակույթի նախարարը Հայաստան էր այցելել և ցանկություն ուներ վերականգնում անցած հուշարձաններից տեսնել, և նրան առաջին հերթին Օձուն են տարել:
Անդրադառնալով «Օձուն» տեղեկատվական կենտրոն կազմակերպության մեղադրանքներին, թե իբրև բարերար Մովսես Ձավարյանը պատմել է, թե ինչպիսի արհեստածին խոչընդոտներ է ստեղծել մշակույթի նախարարությունը սրբատեղի վերականգնման ճանապարհին, Արև Սամուելյանն ընդգծեց, որ նմանատիպ խոսակցություններն անհիմն են և անախորժ:
«Խոսակցությունները կարծես թե վերականգնման ընթացքին որևէ ձևով չեն վերաբերում և չեն էլ կարող: Եթե մասնագիտական հարց լինի, թե ես, թե մեր մասնագիտական խումբը պատրաստ ենք պատասխանել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ աննախադեպ ներդրումային ծրագիր է իրականացվել, շուրջ 300 միլիոն դրամ է ծախսել բարերարը, մենք շնորհակալ ենք նրան աշխատանքի համար: Հարց է ծագում` ո՞ւմ է ձեռնտու այս անհիմն խոսակցությունը»,-նշեց Սամուլյանը` հավելելով, որ նախարարությունը որևէ կերպ չի խոչընդոտել` ավելին, աջակցել է:
«Վերականգնումն ամբողջ աշխարհում կարևոր գործընթաց է: Երբևիցե ընթացքում չի եղել անհանգստություն, հիմա ավարտվել է, ասում են` կարո՞ղ է խոչընդոտել են: Ո՞ւր են ապացույցները, որ խոչընդոտել են, հակառակ ապացույցներ կարող ենք բերել` երբ թույլտվության համար դիմել են, արագ ստացել են այն»,-ընդգծեց նախարարի տեղակալը:
Անդրադառնալով այն հայտարարությանը, որ «Օձուն» տեղեկատվական կենտրոնը 5000 ստորագրություն է հավաքել պահանջելով պաշտոնանկ անել մշակույթի նախարար՝ Հասմիկ Պողոսյանին և Արև Սամուելյանին «խայտառակ վերաբերմունքի համար», փոխնախարարը նշեց, որ խիստ կասկածում է որ նման կենտրոն կա:
«Ոչ մարզպետարանը, ոչ համայնքի ղեկավարը տեղյակ չեն` ովքեր են «Օձուն» տեղեկատվական կենտրոնի հետևում: Շատ պարզ բան ասեմ`լոռեցիներից երբևիցե մեկը չի մտել շինհրապարակ ու չի ասել` ինչով կարող ենք օգնել: Այդ 5000-ից յուրաքանչյուրը 1000 դրամ կարող էր տրամադրել` օժանդակելու մեկ այլ հուշարձանի վերականգնմանը»,-նշեց նա:
Արև Սամուելյանը հավելեց, որ բարերարի հետ ընդհանուր ծանոթ են ունեցել, և իրենց ցանկությունները զուգահեռ են եղել:
«Եթե որոշվի, որ ինձ պաշտոնանկ անեն, չէի ցանկանա, որ նման թյուր, կեղծ բանի պատճառով լինի: Պաշտոնը ծանր պարտականություն է: Ինչքան բարձր, այնքան պատասխանատու ու ծանր: Չգիտեմ, ինչո՞ւ է հենց Օձունի հետ կապված խնդիրը: Չեմ կարծում, որ լոռեցիներն անքան պարապ են, որ զբաղվեն նման բաներով, ինչ-որ մեկի կամ խմբի շահեր են հետապնդում»,-եզրափակեց նա:
«Օձուն» տեղեկատվական կենտրոնն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ նամակ-խնդրագիր է ուղարկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որի տակ ստորագրությունն են դրել մոտ 5000 լոռեցիներ: «Չնայած մշակույթի նախարարության տարածած անհամոզիչ ու չփաստարկված «պարզաբանումներին», բարերարը պնդում էր, որ նրան անգամ պետք է եղել «ծանոթներ խառնել», որ իրեն թույլ տան վերականգնել եկեղեցին: «Ծանոթության» այլընտրանքը նմանատիպ դեպքերում, հավանաբար, կաշառքն է լինում: Աբսուրդը մեր երկրում հասել է ծայրահեղ աստիճանի: Ակնհայտ է, որ բարերարը, ով մի քանի տարի առաջ պատրաստվում էր Հայաստանում այլ վանքեր ևս վերականգնել, սահմանափակվել է միայն Օձունով այդ խնդիրների պատճառով: Պահանջում ենք պաշտոնանկ անել մշակույթի նախարար՝ մասնագիտությամբ կենսաբան Հասմիկ Պողոսյանին և հուշարձանների պահպանության համար պատասխանատու նրա տեղակալ Արև Սամուելյանին այս խայտառակ վերաբերմունքի համար»,- ասված էր հայտարարության մեջ: