Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Սիբիրյան խոցի հարուցիչով մսի խմբաքանակը լաբորատոր հսկողության տակ է

 Սիբիրյան խոցի հարուցիչով մսի խմբաքանակը լաբորատոր հսկողության տակ է

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիբիրյան խոցի հարուցիչով մսի ամբողջ խմբաքանակը, որը կազմում է 5 կիլոգրամ, հայտնաբերվել է և լաբորատոր հսկողության տակ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում օգոստոսի 5-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: «Արձանագրվել էր երկու դեպք, տուժածներն Արմավիրի տարածաշրջանից էին: Նրանք հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Բժիշկները սիբիրյան խոց էին ախտորոշել, և լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է: Մենք անմիջապես կատարեցինք համաճարակաբանական ուսումնասիրություններ: Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությունը ներառվեց գործընթացում, պարզ դարձավ, որ միսը ներկրվել էր Վրաստանի Նինոծմինդա տարածաշրջանից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արտավազդ Վանյանը:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խոսքով` անմիջապես կապ է հաստատվել վրացի գործընկերների հետ` համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով:

«Առգրավվել է ամբողջ մսի խմբաքանակը, այն անձինք, որոնք առնչվել են դեպքի հետ, վերահսկողության ներքո են, կատարվել են համապատասխան ախտահանման աշխատանքներ, այսօր էլ շարունակվում են: Միսը տրամադրվել է նաև ընտանիքի հարևանին, այդ ընտանիքն էլ վերահսկողության ներքո է, կնոջ մոտ էլ կասկածելի վերքեր կան, նա նույնպես կհոսպիտալացվի, ամեն ինչ վերահսկողության ներքո է»,-նշեց նա: Արտավազդ Վանյանի խոսքով` անձնական օգտագործման համար հինգ կիլոգրամ միս բերելն օրենքով թույլատրելի է: Միսը լաբորատոր քննությունից հետո կոչնչացվի:

ՀՀ առողջապահության նախարարությունում օգոստոսի 4-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամեդ համայնքի 2 բնակիչ սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ դիմել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am