Սեւան քաղաքում ճանապարհների վերակառուցման գործընթացն ընդգրկելու է մի քանի բաղադրիչներ
ԳԱՎԱՌ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի մի քանի հատվածներում այս օրերին ընթացող ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն նաեւ ճանապարհների ընդհանուր բարեկարգման հետ կապված վերակառուցման բազմաբնույթ աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղ եկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի կողմից եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում» ծրագրի շրջանակներում կատարվում են փողոցների վերականգնման եւ ասֆալտապատման մեծամասշտաբ աշխատանքներ:
Ասֆալտածածկույթի վերականգնման առաջին ուղղությունը Սեւան-Վարսեր 3.577 կիլոմետր երկարությամբ հատվածն է, որը ներառում է նաեւ Սեւան քաղաքի Կարմիր բանակի / 3590քմ / եւ Պռոշյան / 4494քմ / փողոցները: Երկրորդ ուղղությունն ընդգրկում է Մ-4 – Սեւան ճանապարհահատվածի 1.044 կիլոմետր երկարության հատվածը, որը սկսվում է «Ամբասադոր» հյուրանոցային համալիրի հարավային հատվածում, ձգվում Խաչիկ Դաշտենց փողոցով, Իզերի հրապարակով եւ ավարտվում Արա Գեղեցիկ փողոցում: «Հիշյալ ճանապարհահատվածներում նախապես կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ տարածքներում հողային պաստառը եւ ճանապարհային պատվածքը գտնվում են ոչ բավարար վիճակում, մայթերը քայքայված են, եզրաքարերը` քանդված, կողնակներն ամրացված չեն: Անմխիթար վիճակում են նաեւ երթեւեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, բացակայում են ճանապարհային նշաններն ու գծանշումը:Հիմք ընդունելով 2 ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները` Սեւանի քաղաքապետարանի ռազմավորության մեջ առաջիկա 5 ամիսներին ճանապարհների վերակառուցման գործընթացն ընդգրկելու է աշխատանքների բազմաբնույթ բաղադրիչներ` հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնում, վերակառուցում, կողնակների լցում, ճանապարհի կահավորում` արգելափակոցներ, ճանապարհային նշաններ եւ գծանշում, քայքայված եզրաքարերի եւ մայթի ծածկի ապամոնտաժում, բազալտե եզրաքարերի տեղադրում, անձրեւընդունիչի տեղադրում, առկա դիտահորերի բարձրացում եւ այլ աշխատանքներ»,-նշեց Արմինե Ղուկասյանը:
Հուլիսի կեսից սկսված շինարարական աշխատանքներն իրականացվում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ կողմից: Ծրագրի ընդհանուր արժեքը 475 միլիոն դրամ է:
Տարողունակ աշխատանքներին զուգահեռ` Սեւանի քաղաքապետի հանձնարարականով՝ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվելու են նշված տարածքների գիշերային լուսավորության ցանցի վերականգնման եւ շահագործման, անհրաժեշտ հաղորդակցական միջոցների անխափան գործարկման աշխատանքներ:
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում