Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ մարզիկներն իրենց հաջողություններով շարժել են երիտթուրքերի նախանձն ու ազգայնամոլությունը

Հայ մարզիկներն իրենց հաջողություններով շարժել են երիտթուրքերի նախանձն ու 
ազգայնամոլությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով մենագրությունը նոր լույս է սփռում երիտթուրքերի կողմից Հայոց ցեղասպանության սանձազերծման վրա: Օգոստոսի 4-ին թանգարան-ինստիտուտում կայացավ 2009 թ. լույս ընծայված համանուն հատորի լրամշակված ու փոփոխված տարբերակը: Պատկերագրության հեղինակ Հայկ Դեմոյանը նշեց, որ ճակատագրի դիպվածով առիթ ունեցավ անդրադառնալու թեմային: «Գիտական հետաքրքրություններն ինձ մոտ շատ են, բայց ցանկացած հետաքրքություն չի կարող մնալ հետաքրքրության մակարդակով, եթե չես գիտակցում, որ կարող ես այն բարձրակարգ ձևով վերածել առարկայական իրի: «Մարմնամարզ» հանդեսի համարներին ծանոթանալով` սկսվեց հետաքրքրությունը դեպի հայկական մարմնամարզության ակունքները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հայկ Դեմոյանը:

Դեմոյանի քայլերն ավելի առարկայական դարձան, երբ Ֆրանսիայում հանդիպեց օսմանյան մարզիկ ու լուսանկարիչ Գրիգոր Ճոլոլյանի ընտանիքին: «Այդ հանդիպումը ցնցող իրադարձություն էր, մանավանդ, երբ որոշեցին Ճոլոլյանի ամբողջ հավաքածուն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերել: Այս հանգամանքը դարձավ թե ցուցադրության և թե գրքի ստեղծման առանցքը»,-ասաց Հայկ Դեմոյանը: Նա կարևորեց թեմայի շուրջ մինչ այժմ տեղի ունեցած անդրադարձերը` հատկապես շեշտելով Թորիկյանի քառահատորյակը և Ճոլոլյանի տարեգրությունը, որը 1939 թվականին համար առ համար արձանագրել է Բեյրութի Ազդակ թերթում: «Հայկական սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում» պատկերագրությունը բաղկացած է 12 գլխից, որոնցում ներկայացված է շուրջ 600 լուսանկար: «Գլուխները նվիրված են Օսմանյան Կայսրությունում սպորտի սկզբնավորմանը, հայկական սպորտի, պարբերական մամուլի, ֆուտբոլի զարգացմանը: Անդրադարձ կա Զմյուռնիայում հայկական սպորտի զարգացմանը, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում հայկական սպորտին, հայ կնոջն ու մարմնակրթությանը: Ձևավորվեց մի գաղափարախոսություն, որով կարևորվում էր սերունդ կրթելու հարցում առողջ կնոջ դերակատարությունը: Շավարշ Քրիսյանն էլ դարձավ այս շարժման գաղափարախոսը»,-նշեց Հայկ Դեմոյանը: Գրքի հեղինակը նշեց, որ դրանում պատմվում է այն մասին, որ մինչ աշխարհում կկազմակերպվեին 5-րդ օլիմպիական խաղերը Ստոկհոլմում, հայկական ակումբները Կոստանդնուպոլսում 1911-ին կազմակերպում են առաջին օլիմպիական խաղերը, ուր հաղթողները ստանում էին մեդալներ:

«Երկու հայ մարզիկներ պատիվ բերեցին թուրքական սպրոտին, Օսմանյան կայսրությանը, երբ Ստոկհոլմում` միջազգային օլիմպիական խաղերում, ներկայացրեցին Թուրքիան ու նրանց շնորհիվ բարձրացվեց թուրքական դրոշը»,-ասաց Դեմոյանը: Հայկ Դեմոյանը գրքի ամենահամեղ պատառն է համարում «Սպորտը և ազգայնական մրցակցությունը» գլուխը, ուր գիտական ձևով հիմնավորվում է Մեծ եղեռնը իրականացնելու երիտթուրքերի հոգեբանական նախադրյալները: Այդ հարցում նա շնորհակալություն հայտնեց թուրք երիտասարդ պատմաբաններին, ովքեր տրամադրել են թե տեսողական, թե փաստաթղթային նյութեր, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են երիտթուրքերն ու «Իթիհադը» ուշի ուշով հետևել հայ մարզիկների գործունեությանը, սկաուտական շարժումը համարել են երկրի հիմքը քայքայող շարժում:

«Ներքին գործերի նախարար Թալիաթը դիմում է գրել Էնվերին 1914-ին` նշելով, որ համազգեստավոր հայ սկաուտների քայլարշավները երկրին սպառնացող վտանգ են, ուստի Ներքին գործերի նախարարությունը չէ, որ պետք է զբաղվի նրանցով, այլ պատերազմական նախարարությունը»,-հայտնեց Հայկ Դեմյանը: Նրա խոսքով` երիտթուրքերի պարագլուխները ստեղծում էին պանթուրքիստական ակումբներ և դրանցում ներգրավված մարզիկներին պարտադրում էին դառնալ երիտթուրքական կուսակցության անդամներ: «Նպատակը ձևակերպված էր հստակ` պայքարել փոքրամասնությունների հաջողությունների դեմ: Սպորտը և ազգայնականությունն իրար սերտաճած երկվորյակներ են, մրցակցության թեմայով մենք նոր հիմք ենք ստեղծում ցեղասպանագիտության մեջ` ապացուցելու, որ պատճառն այն չէ, որ երիտթուրքերը Բալկաններից փախաստականներ էին ու հոգեբանական նախապաշարումներ ունեին, այլ նրանք ևս խաղացողներին էին, երկրպագուներ, ովքեր հետ էին մնացել հայերից և հույներից ու ամեն կերպ փորձ էր արվում թուրքականն առաջնային դիրքեր բերել սպորտի ասպարեզում, ինչպես փորձ արվեց տնտեսության, առևտրի, մշակույթի ասպարեզներում»,-ավելացրեց Հայկ Դեմոյանը:

Մինչև տարեվերջ գիրքը հրատարակվելու է նաև ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով: 

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am