Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անվեհեր կոմիսարը. Բենիամին Գալստյան

Անվեհեր կոմիսարը. Բենիամին Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լենինգրադյան ռազմաճակատում ո՞վ չէր ճանաչում Գալստյանին: Նրա անունը մենք կգրենք Լենինգրադը պաշտպանած հերոսների անջնջելի ցուցակում, եւ միշտ նրան կհիշեք որպես մեր մեծ քաղաքի աննկուն նվիրյալի»: Այդպես է գրել բանաստեղծ Նիկոլայ Տիխոնովը «Կրասնայա զվեզդա» թերթում՝ գեներալ-մայոր Բենիամին Գալստյանի հիշատակին նվիրված հոդվածում: 

Պետերբուրգում (Լենինգրադ) նրան հիշում են շատերը: Այդ է վկայում հերոսի խնամված եւ միշտ ծաղիկներով պատված գերեզմանը, որը գտնվում Է քաղաքի Ալեքսանդրո-Նեւսկայա մայրավանքի գերեզմանոցում: Նրա անունով Լենինգրադում կոչվել են փողոց եւ միջնակարգ դպրոցներից մեկը: Նրա անունն է կրում հերոսի ծննդավայր Չոլխան գյուղը:

Արդյոք հերոսին հիշո՞ւմ են նրա ծննդավայրում: Այդ հարցի պատասխանն ստանալու ցանկությունն ինձ տարավ Բենիամին (նախկին Չոլխան) գյուղը: Այստեղ ես հանդիպեցի երիտասարդ, եռանդուն գյուղապետ Արտակ Անտոնյանին եւ նրան տվեցի ինձ հուզող հարցը:

- Հիշելը՝ չեն հիշում… ինչպե՞ս կարող են նրան հիշել, եթե մեր անվանի հայրենակիցը գյուղը լքել Է անցյալ դարի 20 թվականին: Բայց նրա քաջագործություններին բոլորն էլ տեղյակ են:

Արտակի ուղեկցությամբ եղանք գյուղի հուշակոթողի մոտ: Այնտեղ մարմարե սալիկի վրա փորագրված են այն 45 բենիամինցիների անունները, ովքեր նահատակվեցին Հայրենական պատերազմում հանուն հայրենինքի: Դրա կողքին Բենիամին Գալստյանի հուշարձանն Է՝ ամբողջ հասակով: Գյուղի դպրոցն էլ է կոչված Բենիմին Գալստյանի անունով: Այստեղ կա նրան նվիրված հատուկ անկյուն: Դպրոցում տարին մի քանի անգամ ավանդաբար կազմակերպում են «Հայրենասիրության դասեր»՝ նվիրված անվանի զինվորականին:

...Բենիամին Գալստյանը ծնվել Է 1902 թվականի մարտի 7-ին՝  չքավոր գյուղացու ընտանիքում: Երեխան վաղ հասակում զրկվում է ծնողներից, եւ հանապազօրյա հացը վաստակելու համար բատրակություն Է անում հարուստ հարեւանի մոտ: 18 տարին նոր լրացած պատանին տեղափոխվում Է Թիֆլիս, որտեղ աշխատանքի Է անցնում տեղի գործարաններից մեկում: Երբ 11-րդ Կարմիր բանակը մուտք Է գործում Վրաստան, չոլխանցի պատանին կամավոր զինվորագրվում Է այդ բանակին: Կարճ ժամանակ անց նրան զորացրում են, քանզի նա դեռ չԷր հասել չափահասության տարիքին: Սակայն կարմիրբանակայինների հետ անցկացրած մի քանի օրեր վճռորոշ է դառնում նրա համար: Պատանին որոշում Է՝ դառնալ հայրենիքի պաշտպան: 1923 թվականին նա նորից Է զինվորագրվում բանակին՝ այս անգամ ընդմիշտ:

Ուսումնատենչ պատանին ռազմական գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու համար մեկը մյուսի հետեւից ավարտում Է Անդրկովկասի Ա.Մյասնիկյանի անվան հետեւակային ուսումնարանը, ապա՝ Անդրկովկասյան զինվորական օկրուգի ռազմաքաղաքական դպրոցը, որն ավարտելուց հետո ստանում Է քաղղեկի զինվորական կոչում: 1936 թվականին Բենիամիան Գալստյանը ավարտում Է նաեւ Լենինգրադի Ն. Տոլմաչովի անվան ռազմաքաղաքական ակադեմիան:

1939 թվականի ընթացքում Բենիամին Գալստյանը մասնակցել Է մի քանի ռազմական գործողությունների՝ Արեւմտյան Ուկրաինայի եւ Արեւմտյան Բելոռուսիայի ազատագրմանը, իսկ նույն թվականի վերջում՝ սովետա-ֆիննական պատերազմին: Հենց այդ պատերազմում Էլ Բենիամին Գալստյանը ձեռք Է բերում հմուտ քաղաշխատողի, աննկուն կոմիսարի համբավ: Նա այդ օրերին 7-րդ բանակի կազում գործող 70-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի քաղաքական գծով տեղակալն Էր՝ ասել կուզե՝ կոմիսարը:

Մաներհայմի պաշտպանական գծի հաղթահարման ու նաեւ Վիբորգ քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած աննախադեպ քաջագործությունների համար 70-րդ դիվիզան պարգեւատրվում Է Լենինի շքանշանով, որը դիվիզիայի հրամանատարին եւ քաղղեկին անձամբ հանձնում Է ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նախագահ Միխայիլ Կալինինը: Պետական այդ այրի ձեռքից իրեն հասանելիք պարգեւը՝  Կարմիր դրոշի շքանշանը, ստանում Է նաեւ Բենիամին Գալստյանը:

Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից Բենիամին Գալստյանը 11-րդ բանկի կազմում մարտնչել Է Հյուսիսային, Հյուսիս-Արեւմտյան, Լենինգրադյան ռազմաճակատներում: Բենինամին Գալստյանը ոչ միայն խիզախ եւ վճռական ու նաեւ սկզբունքային սպա Էր, այլեւ Աստծու շնորհով քաղաշխատող: Նա յուրաքանչյուր զինվորի համար ցանկացած իրավիճակում գտնում Էր միակ հնարավոր եւ ժամանակին ասված խոսքերը: Չնայած իր բարձր զինվորական կոչմանը, Բենիամին Գալստյանը, անկախ նրանից, թե նա գնդի քաղղեկ Էր, դիվիզիայի կոմիսար, թե բանակի Ռազմական խորհրդի անդամ, պարբերաբար լինում Էր ռազմաճակատի ամենախոցելի տեղերում եւ իր հայրական հորդորներով քաջալերում զինվորներին: Նման այցելություններիրց մեկի ժամանակ նա ծանր վիրավորվեց եւ ապաքինվելուց հետո վերադարձավ իր 70-րդ դիվիզիան եւ ® նորից շարունակեց իր սովորությունները: Ո՞վ Է լսել, որ բարձրաստիճան քաղղեկը ռազմաճակատի գծում մեկ զորախմբից մյուսն անցնի թշնամու տեղատարափ կրակոցների տակ, իսկ երբեմն Էլ, անգամ տեղացող անձրեւի տակ՝ սողալով: Հենց նման մի «այցելության» ժամանակ թշնամու հրետանու արձակած ռումբը պայթեց այն բլինդաժում, որտեղ իր հերթական զրույցն Էր անցկացնում 42-րդ բանակի Ռազմական խորհրդի անդամ Բենիամին Գալստյանը: Դա 1942 թվականի դեկտեմբերի 4-ն Էր: Այդ օրն ավարտվեց աննկուն կոմիսար, քաջարի գեներալ Բենիամին Հովհաննեսի Գալստյանի երկրային կյանքը: Մի քանի օր անց նրան հետմահու շնորհվեց Կարմիր դրոշի երկրորդ շքանշանը:

...Լենանգրադի Ս.Կիրովի անվան Սպայի տանը երկու օր ու գիշեր չԷր դադարում մարդկանց հոսքը: Մեծ հայորդու, քաջարի գեներալ-մայոր Բենիամին Գալստյանին վերջին հրաժեշտը տալու ցանկացողների թիվը չԷր պակասում: Գլխիկոր գալիս Էին կարմիրբանակայիններ ու սպաներ, զորահրամանատարներ, Լենինգրադ քաղաքի եւ մարզի կուսակցական եւ սովետական ղեկավարներ, շարքային լենինգրադցիներ: Չնայած տեղատարափ գնդակոծությանը գեներալ Գալստյանին հուղարկավորեցին զինվորական պատիվներով:

Այս ակնարկի վրա աշխատելու ժամանակ ես չԷի կարող չզրուցել նախկին զինվորական բժիշկ, Լենինգրադի բլոկադայի մասնակից Ռուզաննա Լալայանի հետ: Իմ հարցին՝ արդյոք նա ճանաչե՞լ Է Բենիամին Գալստյանին, այդ լեգենդար կինը պատասանեց.

- Ես նրան տեսել եմ ընդամենը մեկ անգամ, երբ նա հանդիպում Էր ունենում բլոկադայի մասնակից բժիշկների հետ: Իմ հիշողության մեջ նա մնացել Է որպես անմիջական, մարդկանց հետ շփվելու ունակությամբ, հումորով օժտված մի մարդ: Ես եւ իմ բժշկուհի քույրը՝ Սոֆյան, հպարտ Էինք մեր հայրենակցի համար, մի մարդու, ում մասին Լենինգրադում լեգենդներ Էին շրջում: Ցավոք, դրանից հետո ես նրան չտեսա: Բայց լավ եմ հիշում նրա զոհվելու օրը: Ողջ Լենինգրադը սգում Էր: Ես եւ քույրս մինչեւ լույս լաց Էինք լինում...

Նիկոլայ Տիխոնովը գրել Է. «Բենիամին Գալստյանի անունը մենք կգրենք Լենինգրադը պաշտպանած հերոսների անջնջելի ցուցակում, եւ միշտ նրան կհիշեք որպես մեր մեծ քաղաքի աննկուն նվիրյալի»: Բարեբախտաբար «մեծ քաղաքը» հիշում Է հայ ժողովրդի պանծալի զավակին: Այո՛, նրան հիշում են, չնայած այսօր չկա այն երկիրը, հանուն որի զոհվեց Բենիամին Գալստյանը: Այսօր Հայաստանը մերձավոր արտերկիր Է լենինգրադցիների համար: Բայց Պիտերում Բենիամին Գալստյանը հարազատ յուրային Է:

Նրան հիշում են...

Լեւոն Ազրոյան     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am