Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գարի Քյոսայանն իր երաժշտությամբ օտարներին ցույց է տալիս հայերի բարձր ինտելեկտը. հարցազրույց

Գարի Քյոսայանն իր երաժշտությամբ օտարներին ցույց է տալիս հայերի բարձր 
ինտելեկտը. 
հարցազրույց

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար սպասված համերգով հոկտեմբերին  գյումրեցիներին կուրախացնի հայտնի ջազմեն,  երգահան, բենդ-առաջնորդ, ջազային դաշնակահար Գարի Քյոսայանը: Համերգը նախատեսված է հոկտեմբերի 30-ին՝ երևանյան բեմելից հետո: Ի դեպ, սա սիրված արվեստագետի միակ անակնկալը չէ. համերգը, որին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից կժամանի նաև ջազ քառյակը, կմասնակցի նաև Գարի Քյոսայանի կինը` սիրված դերասանուհի և երգչուհի Ալլա Սահակյանը: Աշխարհահռչակ երաժիշտը, սակայն, մինչ այդ մեկ այլ նախաձեռնությամբ ևս հանդես կգա Գյումրիում: Սեպտեմբերին  հայտնի ջազմենը վարպետության դասեր կանցկացնի Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների համար: Գյումրիում կայանալիք համերգային ծրագրի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Գարի Քյոսայանի և Ալլա Սահակյանի հետ:

-Պարոն Քյոսայան, Գյումրիում ի՞նչ ծրագրով եք հանդես գալու:

-Ամբողջությամբ Գարի Քյոսայանի ստեղծագործություններն են: Գյումրեցիների համար նաև նվեր կլինի հանրահայտ ջազային աստղ Լուիս Վան Թեյլորի ելույթը, ով ԱՄՆ-ում լավագույն սաքսոֆոնահարն է համարվում: Նրա հետ 1998 թվականին ձայնասկավառակ եմ ձայնագրել ԱՄՆ-ում, որը ճանաչվեց տարվա լավագույն սկավառակ: Բարձր մակարդակի երաժիշտ է, և ես ինքս մեծ բավականություն եմ ստանում նրա հետ նվագելիս: Ինքն իմ ստեղծագործությունները շատ լավ է նվագում՝ զգալով իմ հոգին ու տրամադրությունը: Անգամ շատ զարմանալիորեն զգում է այն բոլոր վիբրացիաները, որ կան երաժշտության մեջ՝ շատ մոտ մեր շարականներին:

-Դժվար է ասել ինչու, բայց Ձեր երաժշտության մեջ, նույնիսկ ջազային, զգացվում  է հայկական շունչն ու ելևէջները: Հատո՞ւկ եք փորձում երաժշտության մեջ հայկական տարրեր ներմուծել:

-Դա այդպես ստացվում է: Ես չեմ մտածում, նոր գրում: Դա իմ հոգու կանչն է, իմ հոգու պահանջը: Ես ինչ երազում եմ լսել, դա գրում եմ: Անբացատրելի է, բայց ինձ համար երջանկություն է, որ կարող եմ իմ երաժշտության միջոցով դա տալ իմ ժողովրդին: Մի անգամ մի ամերիկացի ինձ ասաց. «քո երաժշտության միջոցով ես նոր հասկացա, որ  բարձր ինտելեկտով օժտված ազգ եք, որ կարող եք այսպես համատեղել դասականն ու ջազը՝ հայկական հոգի դնելով»:

-Առաջին ստեղծագործությունը Գարի Քյոսայանի կողմից ե՞րբ է գրվել  և ո՞վքեր էին Ձեր առաջին ունկնդիրները:

-Տասներեք տարեկան էի, երբ գրեցի «Հայաստան» ստեղծագործությունը: Ես սովորում էի Չայկովսկու անվան դպրոցում, և իմ առաջին ունկնդիրներն իմ համադասարանցիներն էին: Գիտե՞ք ովքեր էին սովորում մեր դպրոցում՝ Դավիթ Ազարյան, Էլվինա  Մակարյան: Այդ տարիներին մենք ասես իրար «ձայն տալով»   ջազ էինք նվագում ու երգում: Առաջին անգամ ես ջազ լսել եմ իմ հարևանից ու շատ եմ զարմացել: Ինձ այդ երաժշտությունը գերեց առաջին իսկ հնչյուններից, ջազի ազատությունն ինձ գրավեց:

-Վերջին տարիներին տարբեր խմբերի հետ ելույթ եք ունենում Հայաստանում: Համերգային ո՞ր ծրագիրը կառանձնացնեք:

- Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ ամերիկացի ջազ-երգչուհի Ինդեայի համատեղ համերգը ՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, երբ հնչեցին իմ  ստեղծագործությունները: Համերգին ներկայացվեցին իմ  ջազային գործերից ու դասական կոմպոզիցիաներից «Անդանտեն»« վալս «Լռության սիմֆոնիա» կինոֆիլմից« ռոմանս «Արահետ» ֆիլմից« նաեւ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի թատերական ներկայացման համար գրված սիմֆոնիան:

-Ստեղծագործական ինչպիսի՞ փուլում  եք հիմա և Ձեր ստեղծագործություններից ո՞րն է առանձնահատուկ Ձեզ համար:

- Հիմա ձայնագրում եմ իմ նոր ձայնասկավառակը, որը, հավանաբար, այս տարի պատրաստ կլինի:  Այն կոչել եմ «Ծիր Կաթին»: Իմ բոլոր ստեղծագործություններն էլ ինձ հարազատ են, բայց կառանձնացնեմ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման երաժշտությունը: Ամբողջ կյանքում երազել էի այդպիսի երաժշտության մասին: Առաջարկություն ստացա Արմեն Էլբակյանից, և մենք աշխատեցինք: Բավական հաջողված երաժշտություն է:  Ավելի քան 7 տարի է` բնակվում  եմ Հայաստանում և արդեն համերգների ժամանակ եմ մեկնում ԱՄՆ: Վերջին համերգն իմ խմբի հետ փետրվարին էր, կինս էլ ելույթ ունեցավ: Շատ լավ կատարեց, շատ բարդ ու գեղեցիկ ծրագիր էր: Նույնիսկ այն մարդկանց համար, ում հետ ես միշտ ելույթ եմ ունենում, անակնկալ էր. ապշած էին, որ կինս այդպիսի ձայն ունի: Գյումրիում ևս Ալլան ելույթ կունենա: Մենք կնոջս հետ բազմաթիվ համերգներ ենք ունեցել տարբեր երկրներում: Յուրօրինակ ջազ ծրագիր ունի ու չափազանց էլեգանտ ձայն:

-Ալլա՛, իսկ հե՞շտ է կատարել Գարիի ստեղծագորոծությունները:

-Ինձ համար շատ ավելի պատասխանատու է: Երբ Գարիի ստեղծագործություններն եմ կատարում, ակամայից մի ուրիշ պատասխանատվություն եմ զգում: Ես զգում եմ, որ Գարիի համար համերգի ժամանակ ամենակարևորն այն է, որ իմ կատարումն ամենալավը լինի, և դա հասկանալի է: Այդ է պատճառը, որ նրա ստեղծագործություններին այլ կերպ եմ մոտենում: Գարին զարմանալի ստեղծագործություններ ունի, չափազանց մեղեդային, հուզիչ ու հոգեհարազատ, նույնիսկ անգլերեն գրված երգերի մեջ զգում ես, որ ինչ-որ հարազատ հայկական մեղեդայնություն կա: Բայց միևնույն ժամանակ բավական բարդ է Գարիի ստեղծագործությունները երգելը: Կան երգեր, որոնց վրա դեռ աշխատում ենք, և ես ինքս էլ զգում եմ, որ դրան դեռ պետք է հասնենք՝  «մարսելու» համար:  Այն ոճը, որ ես ունեմ, ավելի, դասական ջազ է, և իմ ընտրած երգերն էլ այդ ոճին են համապատասխանում: Մենք միասին ենք երգերն ընտրում, և ես այդ հարցում լիովին  Գարիին վստահում եմ: Որպես երկրորդ մասնագիտություն կոնսերվատորիայում ավարտել եմ դասական վոկալի բաժինը  և ավարտելուց հետո շատ հետաքրքրված էի ջազով և մի փոքրիկ ջազ մենահամերգ ունեցա, ապա մեր ծանոթությունն ու համագործակցությունը սկսեց Գարիի հետ: Կարելի է ասել՝ Գարին ինձ համար ջազի ուսուցիչ է, և ես ամեն րոպե իրենից եմ սովորում և՛ կատարողականության վարպատություն, և՛ ամեն ինչ: Գարին միշտ եղել ու մնում է որպես թիվ մեկ երաժիշտ ու դասական ջազը հայկական մեղեդիներով համեմող կոմպոզիտոր: Երբ աշխատում ենք, մոռանում ենք, որ ամուսիններ ենք, և ես՝ որպես աշակերտ, հնազանդ լսում եմ ամեն մի դիտողություն՝ գիտենալով, որ Գարին ուզում է, որ ինձ մոտ դա գերազանց լինի: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]