Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խաղաղությունն արդեն պատկանում է հայկական բանակի ուժին. Սեյրան Օհանյան

Խաղաղությունն արդեն պատկանում է հայկական բանակի ուժին. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի եւ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի 221 շրջանավարտներ ՊՆ վարչական համալիրում են` երկրի նախագահից եւ պաշտպանության նախարարից ստանալու խորհրդանշական սուրն ու սպայական կոչումը: ‹‹Արմենպրես››-ի հետ զրույցում շրջանավարտները խոստովանում են, որ այս օրվան սպասել են ուսումնառության տարիների ընթացքում, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում անդադար մասնակցել են փորձերին՝ միջոցառմանը հավուր պատշաճի ներկայանալու համար:

Հակոբ Հակոբյանը դեռեւս դպրոցից էր երազում զինվորական դառնալու մասին: Ասում է՝ կյանքի մեծագույն երազանքներից մեկը համազգեստ կրելն էր: Այժմ, երբ համազգեստը դարձել է նրա զգեստապահարանի անբաժան մասը, խոստովանում է, որ համազգեստն իրեն փոխել է, դարձրել այլ մարդ: ‹‹Համազգեստով պատասխանատվությունն է մեծացել, իրավունք չունես թուլանալու, պետք է միշտ զգոն լինես, միշտ պատշաճ վարքագծով, քանի որ նման զգեստ կրելը պատիվ է››,- ասում է նա:

Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ Արտակ Սուքիասյանն էլ վստահեցնում է, որ իր կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկն է կատարել: ‹‹Հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը ամենաճիշտ կոչումն է: Իմ ապագան տեսնում է եմ Հայոց հաղթանակած բանակում: Ծառայությունը շարունակելու եմ այնտեղ, ինչը մեծ պատիվ է ինձ համար››

Մասնագիտությամբ իրավաբան Ավեյան Ձյունիկը իգական սեռի երկու ներկայացուցիչներից մեկն է, ով այսօր ստանում է սպայական կոչում: Սպայական թուրը ստացել է անձամբ Սերժ Սարգսյանից. ասում է՝ նախագահի հետ առաջին անգամ էր հանդիպում, բայց հույս ունի, որ վերջինը չի լինի: Զինվորական դառնալու համար Ձյունիկը կարեւորություն չի տալիս սեռին: Կարեւորը ոչ թե սեռն է, այլ նվիրվածությունն ու ցանկությունը: Համազգեստը նրան էլ է փոխել, զինվորական կարգապահությունը՝ նույնպես, սակայն զորամասում էլ կին է, իր էությամբ եւ մտածելակերպով: ‹‹Սկզբում շատ դժվար էր: Դժվար էր անընդհատ համազգեստ կրելը, դժվար էին պայմանները, անդադար պարապմունքները: Սակայն ամեն ինչ հաղթահարելի է, կարեւորը ցանկությունն է››,- ասում է նա:

Փոխգնդապետ Գուրգեն Գրիգորյանն էլ շեշտում է, որ նման միջոցառումներն ավելի են ոգեւորում սպաներին, որպեսզի նրանք նոր հաղթանակներ գրանցեն իրենց ծառայությունում: ‹‹Ցանկացած սպայի կյանքում նման միջոցառումները յուրահատուկ են, քանի որ ոչ միշտ ենք մենք նման միջոցառումների մասնակցում: Սպայի կյանքը դժվար է, պատասխանատվությունը՝ մեծ, ամեն օր մենք բախվում ենք դժվարությունների, հաղթահարում դրանք եւ նման միջոցառումները մեզ ոգեւորում են, եւ մենք հպարտությամբ ենք լցվում››,- ասաց նա:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոր կյանք մտած սպաներին միանգամից երեք մաղթանք ունի. որ զինվորականի մկրտության դրոշմը երբեք չջնջվի նրանց հոգիներից, որ հետագայում հանդիպելով նախկին ծառայակիցներին` լսեն ‹‹պատիվ ունեմ հրամանատար›› խոսքերը, եւ որ երբեք չդավաճանեն իրենց սկզբունքներին, չընկրկեն ոչ մի դժվարությունից եւ վաստակեն զինվորների ընկերը լինելու պատիվը:

‹‹Ձեր մեծագույն պարգեւը կլինի ձեր զինվորի մոր օրհնանքը››,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ միջոցառումը յուրօրինակ խտացումն է այն հետեւողական աշխատանքի, որ անցած չորս տարվա ընթացքում կատարել են ՀՀ եւ ՊՆ ղեկավարությունները: Նախարարը շեշտեց, որ այսօր կան հայկական զինվորականների կերտման դարբնոցներ, որոնց շնորհիվ հայկական բանակն ավելի ամուր ու պրոֆեսիոնալ է: Այսօր արդեն զինվորական ուսումնական հաստատություններն ավարտած շրջանավարտները զբաղեցնում են կարեւոր պաշտոններ եւ ապահովում բանակի խնդիրների կատարումը:

‹‹Անցյալ տարի շրջանավարտներին սպայական կոչումներ հանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի սահմանին աննախադեպ լարվածության  պայմաններում: Ցավոք, հակառակորդն ականջալուր չեղավ ՀՀ նախագահի հորդորին եւ մենք տեղափոխեցինք ոգեղենության այլ հարթություն ու թեպետ 1-2 օր պահանջվեց ներս սողորսող հակառակորդին իր որջը տեղափոխելու համար, այդուհանդերձ, հուլիս-օգոստոսյան լարվածությունը մեզ համար բնութագրվում է այլ չափորոշիչներով. երբ խաղաղությունը պատկանում է ոչ թե 1994թ. մայիսին ձեռք բերված համաձայնագրին, այլ հայկական բանակի ուժին` տոկունությամբ եւ աչալրջությամբ››,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ չնայած շփման գծում բռնկվող լարվածությանը, մեր զինվորները պատվով են կատարում իրենց առջեւ դրված պարտականությունները:

Տոնական միջոցառման ավարտից հետո սպաները մեկնեցին Եռաբլուր եւ Ծիծեռնակաբերդ հուշահամալիրներ, հարգելու զոհերի հիշատակը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am