Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Երևանում ամուսինների սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևանում ամուսինների սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կ.Ուլնեցի փողոցում երկու անձանց սպանության դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 29-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել, որ Կ.Ուլնեցի-Բաբայան 30 շենքի մոտ կրակոցներ են հնչել, և ամուսիններ են ընկած գետնին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակոցներ է արձակել Կ. Ուլնեցի 30 շենքի բնակիչներ Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի ուղղությամբ, ովքեր ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Կատարվում է նախաքննություն: Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ քննություն է տարվում: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am