Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում չորս ջրամբարների կառուցման ուղղությամբ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ

Հայաստանում չորս ջրամբարների կառուցման ուղղությամբ իրականացվում են 
նախապատրաստական աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեն ջրամբարաշինական ծրագրերը. համապատասխան գործառույթներ են կատարվում Վեդու, Կապսի, Եղվարդի և Մաստարայի առաջնահերթ ջրամբարաշինական աշխատանքների  ուղղությամբ: «Ներկայումս Զարգացման ֆրանսիական գործակալության  ֆինանսավորմամբ ընթանում են Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարության համար մանրամասն նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները, որոնք կավարտվեն ընթացիկ տարվա նոյեմբերին։ Վեդիի ջրամբարի շինարարության մանրամասն նախագծի և մրցույթային փաստաթղթերի պատրաստման աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է իրականացնել Վեդիի ջրամբարի շինարարությունը՝ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից տրամադրված վարկի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորման միջոցներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը` հավելելով, որ ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2016 թվականին, իսկ շինարարության ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի։

Նա նկատեց, որ Վեդիի ջրամբարը նախատեսված է Արարատյան հարթավայրի ավելի քան 4 հազար հեկտար հողակտորները ոռոգելու համար, որոնցից 2.8 հազար հեկտարի մեխանիկական ոռոգումը փոխարինվելու է ինքնահոս ոռոգման համակարգով,  ինչի արդյունքում տարեկան կխնայվի  շուրջ 12 միլիոն կվտ.ժ էլեկտրաէներգիա: «Այս պահին ընթացքի մեջ է Զարգացման ֆրանսիական գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 75 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի կնքման գործընթացը»,- պարզաբանեց Հարությունյանը:

KfW գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում և Ախուրյան գետ-Կապսի ջրամբարի ինքնահոս համակարգի կառուցում» վարկային  ծրագիրը: Նախատեսվում է ավարտին հասցնել Կապսի ջրամբարի կիսակառույց պատվարը, օժանդակ կառույցները և վերականգնել թունելները, ինչը կապահովի ստորին բիեֆում գտնվող տարածքների անվտանգությունը: Նախատեսվում է կառուցել ինքնահոս համակարգ, որը հնարավորություն կտա անցում կատարել մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոս եղանակի և ոռոգում ապահովել նաև նոր հողատարածքների համար: Ջրամբարի պատվարային հանգույցը 1-ին փուլում նախատեսվում է կառուցել 25 միլիոն խմ ծավալով: Նշված պատվարը նախատեսվում է կառուցել այնպես, որ հետագայում հնարավոր լինի այն բարձրացնել՝ հասցնելով ջրամբարի ծավալը 60 միլիոն խմ-ի:

«Մանրամասն նախագիծը նախատեսվում է ավարտել 2016 թվականի երկրորդ կիսամյակում, որից հետո կսկսվի շինարարական աշխատանքների մեկնարկման փուլը: Ջրամբարի կառուցումը թույլ կտա ընդգրկել շուրջ 5000 հեկտար նոր ոռոգելի տարածքներ կամ ավելացնել ներկայումս ոռոգվող տարածքների ջրապահովվածությունը: Ծրագրի իրականացման արդյունքում շրջանառությունից դուրս կգան «Շիրակ» ջրօգտագործող ընկերության սպասարկման տակ գտնվող ութ պոմպակայաններ, ինչի շնորհիվ տարեկան կխնայվի 1,3 միլիոն կվտ.ժամ էլեկտրաէներգիա:  Ջրամբարի շինարարության ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի»,- նշեց Արամ Հարությունյանը` հավելելով, որ երկրորդ փուլով նախատեսվում է ջրամբարի տարողությունը հասցնել 60 միլիոն խմ-ի և  ինքնահոս  խողովակաշարը  հասցնել Թալինի տարածաշրջան: Արդյունքում կապահովվի  շուրջ 20.5 հազար հեկտար հողերի հուսալի ոռոգում, որից մեխանիկական եղանակով ոռոգվող շուրջ 3.5 հազար հեկտար հողատարածքներ կոռոգվեն ինքնահոս եղանակով, կբարձրանա 16 հազար հեկտար հողատարածքների ջրապահովվածությունը,  ինչպես նաև  կավելանան  952 հեկտար ոռոգելի հողատարածքներ:

Արամ Հարությունյանը հիշեցրեց նաև, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ իրականացվող՝ Եղվարդի ջրամբարի տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուսումնասիրությունները կավարտվեն մինչև 2016 թվականի մայիսը։ «Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին։ Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թվականին, իսկ շինարարության ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի»,- նկատեց բանախոսը:

Քննարկվում է Եվրասիական զարգացման բանկի օժանդակությամբ Մաստարայի ջրամբարի կառուցման հարցը: Մաստարայի ջրամբարի գոտում տեղաբաշխված են Արմավիրի մայր ջրանցքի 27-րդ կիլոմետրից հետո գտնվող «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-ների սպասարկման տակ գտնվող համայնքները` Հացիկ, Մյասնիկյան, Լուկաշին, Նորապատ և Նորավան: «Ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա տարեկան տնտեսել շուրջ 2.1 միլիոն կվտ.ժ էլեկտրաէներգիա: Անցումը ինքնահոս ոռոգմանը թույլ կտա շահագործումից հանել խորքային հորերը, ինչի արդյունքում տարեկան կտնտեսվեն պոմպերի շահագործման ու պահպանման ծախսերը, Արարատյան ստորգետնյա ավազանից ջրառը կպակասի տարեկան 5.3 միլոին խմ-ով. ծրագիրը գտնվում  է բանակցային փուլում»,- ընդգծեց Արամ Հարությունյանը` հավելելով, որ վերը նշված ծրագրերով առաջիկա 4-5 տարիների ընթացքում նախատեսված է կատարել շուրջ 400-450 միլիոն դոլարի ներդրում:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am