ԱԺ նախագահը հայապահպանության գործում կարևորում է սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների դերը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 24-ին հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հանդիպման մասնակիցները Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչներ, մշակութային խմբերի ղեկավարներ, լրագրողներ եւ երիտասարդական կազմակերպությունների անդամներ են եղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին Ազգային ժողովում, կարեւորել է նրանց այցելությունը հայրենիք, խորհրդարան եւ նշել, որ տարիներ շարունակ սիրով է շփվում ամառային դպրոցի մասնակիցների հետ:
Գալուստ Սահակյանը, ողջունելով ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությունը, ընդգծել է Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների դերը հայապահպանության կարեւոր գործում: Նա նշել է, որ վաղուց է հասունացել հայ ժողովրդի գաղափարական միավորման պահը, քանի որ մեր ժողովուրդը բազում ծրագրեր ունի իրականացնելու: ԱԺ նախագահը կարեւորել է արեւելահայերենի եւ արեւմտահայերենի մերձեցումն անմիջական շփման արդյունքում:
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» նախաձեռնությանը՝ ընդգծելով Սփյուռքի հայկական համայնքների եւ կրթօջախների դերը նախաձեռնության իրականացման գործում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հորդորել է «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչներին շարունակել իրենց ազգապահպան գործունեությունն ավելի մեծ եռանդով եւ սիրով:
Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է սփյուռքահայ ուսուցիչների եւ լրագրողների հարցերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում