Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իրավաբանը վստահ է, որ սահմանադրական բարեփոխումները դրական արդյունք կտան անձի կարգավիճակի տեսնակյունից

Իրավաբանը վստահ է, որ սահմանադրական բարեփոխումները դրական արդյունք կտան անձի 
կարգավիճակի տեսնակյունից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը Հայաստանում տեսանելի է: Նման տեսակետ հայտնեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ` համոզմունք հայտնելով, որ սահմանադրական բարեփոխումները կտան դրական արդյունքներ մարդու կարգավիճակի տեսանկյունից: Նմանատիպ դրական փոփոխություն բերեց նաև 2005 թվականին բարեփոխված Սահմանադրությունը, որով քաղաքացիներին իրավունք տրվեց դիմել Սահմանադրական դատարան: «1995-2005 թվականի Սահմանադրությունում ամրագրված չէր, որ քաղաքացին կարող էր դիմել Սահմանադրական դատարան, 2005-ին այդ իրավունքը տրվեց մարդկանց, ինչը բերեց դրական փոփոխություններ, մարդիկ հասան իրենց իրավունքների պաշտպանությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ավելացրեց բանախոսը:

Ինչ վերաբերում է Սահմանադրության նախնական նախագծում առկա դրույթներին ու հատկապես կառավարման մոդելին, Վաղարշյանը նշեց. «Նախագահական պետությունում առաջանում է միանձնյա իշխանության վտանգ, և այստեղ շտկումներ են անհրաժեշտ: Սահմանադրական լուծումները փորձում են իրականացնել այդ շտկումները: Ինչու եք մտածում, որ անպայման հայ ժողովորդին բնորոշ է նախագահական մոդելն ուժեղ նախագահով, հատկապես, որ Առաջին Հանրապետության պրակտիկայում ունեցել ենք խորհրդարանական կառավարման մոդել: Մենք կարող ենք ավելի ուժեղացնել ժողովրդավարության հենասյուները, մենք, ձևը փոխելուց բացի, պետք է շեշտադրենք բովանդակությունը: Նույն նախագահական իշխանության պայմաններում նախագահը կարող է նորմալ չգործել, խորհրդանականի դեպքում խորհրդարանը կարող է նորմալ չգործել»:

Անդրադառնալով «կայուն մեծամասնության» սկզբունքին` Արթուր Վաղարշյանը փաստեց, որ խորհրդարանական կառավարման ձևի պարագայում, որում չկա կայուն մեծամասնություն, շատ վտանգավոր իրավիճակ կարող է առաջանալ: «Դա է վկայում նաև Առաջին Հանրապետության փորձը: Եթե կայուն մեծամասնություն չլինի, պետությունը դանդաղաշարժ է դառնում, քանի որ արտակարգ իրավիճակներում չի կարողանում արագ լուծումներ տալ: Պետք չէ միանշանակ քննադատել կայուն մեծամասնության սկզբունքը, այլ անրաժեշտ է մտածել ու լուծումներ գտնել: Այս քննարկումների ժամանակ, կարծում եմ, կկարողանան լավ լուծումներ գտնել»,-հավելեց նա: Վաղարշյանը նկատեց նաև, որ այդ սկզբունքը քննադատողներն այն մարդիկ են, ովքեր 90-ականներին ընդունել են օրենքներ, որոնք գերակա ուժ ունեին Սահմանադրության նկատմամբ:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվի առնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am