Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եթե կյանքում միշտ լավ բաներ լինեն, չես ձգտի ավելիին. Տիգրան Մելքոնյանի «Նորամուտ»-ը

Եթե կյանքում միշտ լավ բաներ լինեն, չես ձգտի ավելիին. Տիգրան Մելքոնյանի «Նորամուտ»-ը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, մի շարք մրցույթների դափնեկիր, երգիչ Տիգրան Մելքոնյանը հիմնականում դասական ստեղծագործություններ է կատարում: Փաստում է՝ աշխատում է դասականի մեջ նաև ներառել երաժշտական այլ ոճեր, փորձարկումներ անել, որպեսզի հետաքրքիր լինի: Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողը հասցրել է բազմաթիվ բեմերում իր երգով բազում սրտեր գերել:  «Արմենպրես»-ն իր նոր շարքով ներկայացնում է Տիգրան Մելքոնյանի «Նորամուտ»-ը:

Առաջին  ճիչն ու երգիչը

Ծնվել եմ Երևանում, 1994 թվականին: Մայրս է պատմում, որ երբ ծնվել եմ ու առաջին ճիչն եմ արձակել, ծննդատան բոլոր բժիշկները միանգամից ասել են՝ երգիչ է ծնվել: Մեր ընտանիքում ընդունված է, որ երեխաները պետք է անպայման մի բանով զբաղվեն, եղբայրներիցս մեկը ճանաչված իրավաբան է, մյուսը՝ տնտեսագետ, բայց երկուսն էլ երաժշտական կրթություն ունեն:

Փոքր հասակում հաճախում էի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ երգչախումբ ասվածն իմը չէ, ես ավելի շատ սիրում եմ որպես մենակատար ելույթ ունենալ: Ժամանակին «Պրոմեթևս»  հեռուստաընկերությունում հաղորդաշար էի վարում, ռեպորտաժ արեցի Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի մասին, շատ հետաքրքրեց դասական վոկալ արվեստը, 2004 թվականին ընդունվեցի պրոֆեսոր Սուսաննա Կարգանովայի դասարան:

Ճակատագրական որոշում

Այդ երաժշտական դպրոց ընդունվելը ճակատագրական եղավ, ճիշտ է, այլ նախասիրություններ ունեի , մի քանի հաղորդում էի վարում Հանրային ռադիոյով, բայց ընտրությունը կանգնեց երաժշտության վրա: Մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների, համերգների, «Վերածնունդ» միջազգային փառատոնում, «Երգող Հայաստան» հանրապետական մրցույթում շահել եմ գլխավոր մրցանակներ:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ սկսել եմ հաճախել 4-5 տարեկանում

Անհամբերությամբ սպասում էի, թե երբ է գալու այդ ժամը, որ գնամ այնտեղ: Իմ երաժշտական կրթության համար շատ կարևոր նշանակություն ունեցավ երգչախումբը: Մաեստրո Հեքեքյանը չէր նայում՝ փո՞քր ես, թե՞ մեծ, բոլորի հետ աշխատում էր ինչպես հասուն մարդկանց հետ:

Պրոֆեսոր Կարգանովան երկրորդ մայրս է

12 տարի ուսանում եմ պրոֆեսոր Կարգանովայի դասարանում: Ամպագոռգոռ չթվա, բայց նա ինձ համար երկրորդ մայր է դարձել: 12 տարի ճանաչում եմ նրան, աշխատում նրա հետ: Երբ գնում եմ դասի, ձայնս մի փոքր լավ չի լինում, ասում է՝ գիշերը լավ չես քնել, ասում եմ՝ չէ: Հարցնում է՝ տեսա՞ր՝ ոնց իմացա:

Ամենաանմոռաց Ամանորը

2006 թվականից Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամի անդամ եմ, առաջին համերգներս Բելգիայում, Լյուքեսմբուրգում, Ավստրիայում են տեղի ունեցել: Այնուհետև երգիչների մոտ ժամանակաշրջան է գալիս, երբ ձայնը սկսում է փոխվել, տարբեր մարդկանց մոտ տարբեր ձև է լինում: Մեկ տարի լռելն ինձ համար սարսափելի էր, շատ ծանր էի տանում, հասունացման շրջանն անցավ, սկսեցի երգել և կրկին Սպիվակովի հիմնադրամի կողմից ինձ Լիտվա ուղարկեցին: Նոր տարվա գիշերը Կաունաս քաղաքում Լիտվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ ամբողջ համերգի առաջին մասը ես եմ երգել, համերգին մասնակցում էին կարկառուն երգիչներ: Շատ տպավորիչ էր, ամենակախարդական Նոր տարվա գիշերն է եղել ինձ համար: Այդ ժամանակ 15 տարեկան էի: Հանդիսատեսը մի տեսակ հայացքով էր նայում՝ ի՞նչ պետք է անի այս 15 տարեկան տղան, որ զարմացնի, հետո սկսում ես երգել և իրենց դեմքի արտահայտությունից, ծափերի ուժգնությունից ամեն ինչ հասկանում:

Մաեստրո Սպիվակովը խորհուրդներ է տալիս..

Համերգներով հանդես եկա նաև Ռուսաստանում՝ Սպիվակովի «Մոսկվան ընդունում է ընկերներին» փառատոնի շրջանակում: Երբ մաեստրոն գալիս է Երևան, անպայման բոլոր կրթաթոշակառուներին հրավիրում է իր մոտ, զրուցում ենք, խորհուրդներ է տալիս: Հիմնադրամի շնորհիվ համերգներով հանդես եմ եկել բազմաթիվ երկրներում, շատ մեծ բեմերում կարողացել եմ իմ երգը, երաժշտությունը հասանելի դարձնել եվրոպացի, ռուս ունկնդրին:

Իրավագիտության ֆակուլտետում սովորելը՝ ճիշտ քայլ

Իրավաբանական ֆակուլտետում սովորելն իրականում շատ ճիշտ որոշում էր, երգիս ընդհանրապես չի խանգարում, օգնում է: Ֆակուլտետում սովորելու այս տարիներին երաժշտության մեջ ավելի հասունացա, հիմա երբ ընդունվեմ կոնսերվատորիա, շատ ավելին եմ քաղելու այն ամենից, ինչ կտրվի: Բազմաթիվ կայացած դասական երգիչներ, երբ իմանում են, որ ուրիշ մասնագիտություն ունեմ, ասում են, որ ամենախելացի երգիչն եմ: Սկզբնական շրջանում այդ որոշումը սրտովս չէր, ծնողներս ասացին՝ արի ընդունվի իրավաբանական, զբաղվի երաժշտական գործունեությամբ: Սկզբում տխուր էի, հիմա շնորհակալ եմ նրանց: Հասկանում եմ, որ շատ ճիշտ քայլ էր:

Բանակում երկու անմոռանալի տարի անցկացրի

18 տարեկանում գնացի բանակ: «Զորական» համույթում մենակատար էի, երկու անմոռանալի տարիներ էին: Ես էլ իմ ձևով էի ծառայում: Երբ ես երգում էի ու տեսնում էի, թե սահմանին կանգնած զինվորներն ինչպես են ոգևորվում, շատ էի ուրախանում: Երկու անգամ մասնակցեցի «Վիվատ պոբեդա» փառատոնին, երկու անգամ էլ ոսկե մեդալ բերեցի: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրվեցի ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով:

Հիասթափությունը՝ խթան

Եթե կյանքում միշտ լավ բաներ լինեն, չես ձգտի ավելիին, իսկ երբ հիասթափություն ես ունենում՝ մտածում ես՝ սպասեք, հեսա ինչ եմ անելու: 

Եթե կողքս երաժշտություն չլինի՝ չեմ քնի

Կարծիք կա, որ եթե ես դասական երգիչ եմ, պետք է միշտ դասական երաժշտություն լսեմ: Իհարկե, դասականը գերակշռում է, բայց լսում եմ ամեն ինչ, անգամ այն, ինչ շատ մարդիկ չեն ընդունում: Սիրում եմ ուսումնասիրել տարբեր ժողովուրդների էթնիկ երաժշտություն, զուգահեռներ անցկացնել:

Լիտվայի սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում  է գործունեություն ծավալելու 

Ամառն անցնի, որոշակի ծրագրեր ունեմ իմ երաժիշտ ընկերների հետ: Չարած գործերի մասին չեմ ցանկանում խոսել: Որոշել ենք այնպիսի ծրագրով հանդես գալ, որ հետաքրքիր լինի երիտասարդների համար: Ամենակարևոր անելիքներից մեկն այն է, որ պետք է աշխատեմ ձայնիս վրա: Որոշել եմ ընդունվել կոնսերվատորիա, քայլեր ձեռնարկել օպերային թատրոնում երգելու համար: Տարբեր հրավերներ են եղել վերջին շրջանում՝ դրսում որոշակի գործունեություն ծավալելու համար: 2010 թվականից Լիտվայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը հրավիրում է այնտեղ սովորելու և գործունեություն ծավալելու: Սպասում եմ, որ ձայնս հասնի այն մակարդակին, որին ես եմ ձգտում: Նոր կմտածեմ այլ առաջարկների մասին:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հանրության դատին է հանձնում նոր՝ «Նորամուտ»խորագրով շարքը: Շարքի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր և ստեղծագործող երիտասարդներին՝ դերասաններ, ռեժիսորներ, բեմադրիչներ, նկարիչներ, երաժիշտներ և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը փոխելու ինչ ծրագրեր ունեն:


Հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am