Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված միջավայրի ստեղծումը գերակա խնդիր է. Արտեմ Ասատրյան

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված միջավայրի ստեղծումը 
գերակա խնդիր է. Արտեմ Ասատրյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրը հասարակությունում ինտեգրված լինելն է:  Ուստի սոցիալական ապահովվածությանն ուղղված ծրագրերին զուգահեռ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաշմանդամները կկարողանան լիարժեքորեն իրացնել իրենց հնարավորություններն ու ունակությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 21-ին Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստին լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Վերջին տարիներին այս ուղղությամբ կատարվել են շատ աշխատանքներ: Մասնավորապես անցում է կատարվել համակարգային խնդիրների լուծմանը, որդեգրվել է նոր մոտեցում, որի համաձայն` միջավայրի մատչելիության ապահովումը պետք է լինի պարտադիր պահանջ, որը կիրառելի կլինի բոլոր ոլորտներում իրականացվող ծրագրերում»,- ասաց նախարարը` հավելելով, որ հանրապետությունում ցանկացած շինություն պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող  անձանց համար:  «Դա պարտադիր պահանջ է նոր կառուցվող շինությունների համար, որն, ըստ հնարավորության պետք կիրառվի նաև հիմնարար վերանորգվող շենքերի պարագայում»,- ասաց նա:

Արտեմ Ասատրյանն ընդգծեց նաև, որ աշխատանքի իրավունքի իրացումը հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող կարևորագույն և սկզունքային խնդիրներից է:

2015 թվականից Հայաստանի Հանրապետությունում արդեն գործում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման նպատակով 100 և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվը (քվոտա)` կազմակերպության աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 3 տոկոսի չափով: Իսկ 2016 թվականից այն ուժի մեջ կմտնի նաև ոչ պետական կազմակերպությունների համար` առնվազն 1 տոկոսի չափով:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանն իր հերթին նշեց, որ թեև մայրաքաղաքում արդեն շատ հաստատություններ հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար, սակայն խնդիրը շարունակում է արդիական մնալ մարզերում: «Կրթության ոլորտում կատարված շատ փոփոխություններ ձևական բնույթն ունեն: Քանի որ ներառական կրթության գաղափարը մտել է օրենսդրության մեջ, և ենթադրվում է, որ մի քանի տարի անց մենք 100 տոկոսով կրթական ներառական համակարգ կունենանք, սակայն այսօր գործող ներառական դպրոցներն անգամ համարեցված չեն բոլոր տիպի հաշմանդամություն ունեցող երեխաների համար»,- ասաց Ալավերդյանը:

Նրա խոսքով` Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից միայն մեկն է ֆիզիկապես հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստի առանցքում էին նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագիրը և սոցիալական ձեռնարկությունների իրավական կարգավիճակի հստակեցման նպատակով իրականացված աշխատանքները: Ներկայացվեց «2016 թվականը ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հայտարարելու և դրա հետ կապված միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am