Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Վերսկսվել են Լմբատավանքի «Տիրոջ գալստյան տեսիլքը» որմնանակարի վերականգնման աշխատանքները

Վերսկսվել են Լմբատավանքի «Տիրոջ գալստյան տեսիլքը» որմնանակարի վերականգնման աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ,  6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու /»Կարմիր վանք»/ անհայտ հեղինակի՝ Եզեկիել մարգարեի «Տիրոջ գալստյան տեսիլքը» որմնանակարի վերականգնման ու ամրակայման աշխատանքները մեկնարկել են: Դեռ անցած տարի այս որմնանկարը մաքրվել էր:  Մեծ արժեք ներկայացնող որմնանակարը և եկեղեցու  զարդաքանդակներով պատերը երկար տարիների մոմավառության հետևանքով «թաքնված» են եղել մոմի ու մրի տակ: Իրականացրած աշխատանքների արդյունքում դեռ 2 տարի առաջ  մաքրվեց խորանի պատի որմնանկարը և կատարվեց կոնսերվատիվ վերականգնում: Արդեն իսկ մաքրված է որմնանկարի մի մասում գտնվող՝ Սուրբ Գևորգ զորավարի հատվածը,  ընթացքի մեջ  են սուրբ Սարգիս զորավարին պատկերող հատվածի մաքրման աշխատանքները:

Աշխատանքերն իրականացվում են որմնանկարների վերականգնման իտալացի մասնագետ՝ Քրիստին Լամուղեի և  ճարտարապետ Արա Զարյանի կողմից: Նրանք արդեն 3-րդ տարին է՝ աշխատում են այս եկեղեցում: Լմբատավանքի վանահայր, Արթիկ քաղաքի հոգևոր հովիվ  Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո որմնանկարը զարմացրել էր ոչ միայն անհայտ հեղինակի կատարողական վարպետությամբ, ինչպես նաև որմնանկարի յուրահատուկ գունային առանձնահատկությամբ,  այլև եկեղեցու ճարտարապետի և որմնանակարի հեղինակի հավանական համակարգված աշխատանքով: Ըստ իտալացի մասնագետի՝ ոչ միայն որմնանակարը, այլ նաև եկեղեցին եզակի է Հայաստանում և մշակութային մեծ արժեք է ներկայացնում:»Որմնանկարների հարուստ պատմություն  ունեցող Իտալիայում 7-րդ դարը «մութ» է, այս առումով Լմբատավանքի այս որմնանկարը գերազանց է և ինձ զարմացնում է և՛ իր գունային լուծումներով, և՛ կատարողական վարպետությամբ: Սա մի հրաշալի պահպանված, 1300 տարվա պատմություն ունեցող եզակի գործ է: Ցավոք, եթե որմնանակարի մի մասը բավական լավ է պահպանված, ապա մի հատվածը, տարբեր գործոններով պայմանավորված, փչացել է: Այն,  ցավոք, հնարավոր չէ վերականգնել: Մենք դա կարողացել ենք մաքրել և ամրացնել, բայց չպահպանված հատվածը վերկանագնել հնարավոր չէ, իրավունքն էլ չունենք 1300 տարի առաջ հրաշալի նկարչի արվեստը լրացնելու»,-»Արմենպրես»-ին ասաց Քրիստին Լամուղեն: 

Եկեղեցու մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել: Ելնելով եկեղեցու ճարտարապետական տեսքից՝ այն  թվագրվում է 6-րդ դարի վերջ և 7-րդ դարի սկիզբ, որմնանկարները ևս ստեղծվել են նույն  ժամանակահատվածում: Եկեղեցու ճարտարապետն ու նկարիչն աշխատել են համակարգված: Թեև պատմությունից շատ բան հայտնի չէ վանքի մասին, սակայն հստակ է, որ այն եղել է վանական համալիր՝ իր խուցերով: 13-րդ դարից վանքը լքվել է: Եկեղեցին կրկին սկսել է  գործել միայն 21-րդ դարում՝ 2009 թվականին, մնայուն քահանայով՝  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի օրհնությամբ: Այսօր Լմբատավանքն ունի հավատացյալների մեծ հոսք:

«Փաստացի արձանագրություններով եկեղեցին վերագրում են 10-13-րդ դարերին, բայց ճարտարապետական տեսքից և հատակագծային լուծումից ելնելով, ինչպես նաև եկեղեցու ներսում՝ հարավային և հյուսիսային պատերի  2 որմնագիր հավասարաթև խաչերը, քիվերն և լուսապսակները ենթադրել են տալիս, որ այս եկեղեցին պատկանում է 7-րդ դարին: Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցին յուրահատուկ է հայ ճարտարապետության համար՝ նման երկրորդ օրինակը չունենք: Ճարտարապետն այս եկեղեցին այնպես է կառուցել, որ այն նման չլինի մյուս եկեղեցիներին՝ բացի մայր խորանի գմբեթարդից, հյուսիսային և հարավային մասերում ունի գետնից 3 մետր բարձրության վրա տեղադրված 2 այլ գմբեթարդներ, սրանով այս եկեղեցին եզակի է և հայկական ճարտարապետության մեր երկրորդ օրինակը չունի»,-նշեց Արա Զարյանը:

Արմենուհի Մխոյան



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am