Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցում կղողանջի նաև փոքր զանգը

Գյումրու  Սբ Ամենափրկիչ եկեղեցում կղողանջի նաև փոքր զանգը

ԳՅՈՒՄՐԻ,  4  ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հուլիսի 4-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ, սրբալույս մեռոնով ու գինով, ինչպես նաև առ Աստված հնչող աղոթքներով ու օրհնությամբ օծվելուց հետո  տեղադրվեց  Սբ Ամենափրկիչ եկեղեցու փոքր զանգը: Շատ գյումրեցիներ վստահ են, որ  1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրու վերականգնումը կազդարարվի հենց  Ամենափրկչի վերականգնումով: Գյումրու խորհրդանիշներից մեկը համարվող՝ 1860-ականներին կառուցված, ավելի քան 36 մետր բարձրություն (առանց գմբեթի) ունեցող եկեղեցին, որի ճարտարապետը եղել է Թադևոս Անտիկյանը, խորհրդային տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ: Եկեղեցին կառուցվել է Անիի Մայր տաճարի օրինակով, և ասում են, որ վարպետն  ամեն անգամ քարը դնելիս «ֆայտոնով» գնացել է Անի և հետ է եկել ու շարունակել շինարարությունը. այսպես կառուցվել է եկեղեցին՝ քար առ քար:  Որոշ աղբյուրների պնդմամբ՝ եկեղեցու շինարարության  համար ծախսվել է 60 հազար ռուսական ոսկի, եղել են նաև հանգանակություններ, իսկ գյումրեցիներն աշխատել են անվարձահատույց: Եկեղեցու խաչը սկզբում եղել է փայտից:

1988 թվականին եկեղեցին մասամբ ավերվել էր: Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկեցին նախ հանգանակություններով, ապա  «Ամենափրկիչ» հիմնադրամի կողմից՝ բարերարների միջոցներով՝ 1998 թվականին: Եկեղեցու վերականգնման աշխատանքերն իրականացվել են պահպանելով  եկեղեցու նախկին ճարտարապետական տեսքը,  օգտագործելով եկեղեցու հին քարերը, սակայն եկեղեցու ամրության համար ավելացվել են մետաղյա կառուցվածքներ: 2002 թվականից վերականգնման աշխատանքների համար  ֆինանսական հիմնական բեռն իր ուսերին էր վերցրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա ընտանիքը: Նրանց միջոցներով ոչ միայն հիմնանորոգվեց եկեղեցին, այլ նաև խաչը: Ի դեպ, տեղադրված խաչով եկեղեցին ունի 47 մետր բարձրությամբ: Այս պահին իրականացվում են եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները:

Խոսելով  եկեղեցու ներքին հարդարման աշխատանքների իրականացման մասին՝ Վարդան Ղուկասյանը «Արմենպրես»-ին վստահեցրեց, որ դրանք այս պահին էլ իրականացվում են և կշարունակվեն: «Սա իմ հոգու պարտքն է: Սա բոլորիս բաղձանքն է: Աստծո ողորմածությամբ, ուզում եմ, որ եկեղեցին ամբողջովին պատրաստ լինի մինչև տարեվերջ: Անպայման վերջացնելու ենք եկեղեցու շինարարությունը, եթե ես էլ չհասցնեմ, ապա որդիս անպայման կհասցնի: Հուսով եմ՝ այս տարի կավարտվի: Մենք ասում ենք՝ մինչև Սբ Ամենափրկիչը չկառուցվի քաղաքը չի կառուցվի: Ամեն ինչ համահունչ է»,- նշեց Վարդան Ղուկասյանը, ում հովանավորությամբ էլ շարունակվում են եկեղեցու նորոգման աշխատանքները:

Իսկ աշխատանքների ընթացքին ամեն օր հետևում է թեմակալ առաջնորդը, ով վստահեցրեց, որ  ավարտից հետո Սբ Ամենափրկիչը կծառայի որպես եկեղեցի, ոչ որպես ֆիլհարմոնիա, ինչպես խորհրդային տարիներին:

Եկեղեցու փոքր զանգը, երկար անգործության  պատճառով, ճաքել էր և անիմաստ ու վտանգավոր էր այսուհետ գործածելը:

Նոր զանգի ձուլման առաքելությունն իր վրա էր վերցրել գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը, ում  հաջողվել է որդիների հետ միասին գտնել զանգի ձուլման դժվարին գործի բանալին: Ինչպես տեղեկացրեց թեմակալ առաջնորդը, եկեղեցիների զանգերի ձուլման շատ նուրբ և Հայաստանում վաղուց կորսված արվեստ է: Հիմնականում զանգեր բերվում են Ռուսաստանից և Եվրոպայից: «Զանգը սովորական ձուլվածք չէ. զանգի  մեջ խորհուրդ կա: Ուսումնասիրեցի և պարզեցի, որ այն բավականաչափ գաղտնիքներ է պարունակում: Հետաքրքիր է, որ զանգը մարդկային հատկություն ունի. դրա համաձուլվածքներն  էլ տարբեր են, ունի համապատասխան գծագրական համաչափություններ, որի հետ կապված է նոտագրությունը և փորձեցի:  Փառք Աստծո, երկար տարիների պրպտումից հետո գտա այդ ամենը: Վերջին տարիներին  իմ որդիների հետ միասին վերջապես հասկացանք, որն է զանգի էությունն ու հոգին և հաջողությամբ իրականացրեցինք այս աշխատանքը: Որոշեցինք իմ որդիների հետ միասին, որ սա էլ մի փոքրիկ լուման կլինի մեր ընտանիքի կողմից հարազատ քաղաքին»,- «Արմենպրես»-ին ասաց Արտոշ Պապոյանը:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am