Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանը հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման լայն հնարավորություններ է տեսնում

 Հովիկ Աբրահամյանը հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման լայն 
հնարավորություններ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 3-ին հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, այդ մասին են վկայում Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը, անձնական ջերմ հարաբե­րություններն ու ինտենսիվ փոխշփումները»:

Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը  և գոհունակությամբ  փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի ընդգրկուն է դառնում և ունի  զարգացման լայն հնարավորություններ: Նշելով, որ  հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել է 2007թ., Հովիկ Աբրահամյանը համոզմունք  է հայտնել, որ այս ձևաչափով  հանդիպումները շարունակություն կունենան: «ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:  

Ողջունելով հյուրերին՝ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան փոխգործակցությունը՝ նշելով, որ երկու  երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունների արմատները գալիս են պատմության խորքից: Նա նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ դրանք դեռևս  չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նա անհրաժեշտ է համարել  համագործակցության  հետագա զարգացումը  գիտության, կրթության, գյուղատնտեսության,  զբոսաշրջության, միգրացիայի և մի շարք  այլ ոլորտներում: Երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից երկուստեք  կարևորվել է  գործարար համաժողովների անցկացումը:

Վարչապետները Ֆրանսիա-Հայաստան միջպետական հարաբերությունների զարգացման գործում բարձր են գնահատել  Ֆրանսիայի հայ համայնքի դերը: Հայ-ֆրանսիական փոխգործակցության խորացման համատեքստում նրանք կարևորել են նաև կրթության ասպարեզում արդյունավետ համագործակցությունը  և Հայաստանում  ֆրանսիական կրթական մի շարք հաստատությունների գործունեությունը:

Անդրադառնալով Հայոց  ցեղասպանության հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Մեր  երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ ավանդի համար: Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում անուրանալի է Ֆրանսիայի ներդրումը: Մենք մեծապես գնահատում ենք ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը Նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ ֆրանսիական պաշտոնական պատվիրակության մասնակցությունը: Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ նույն օրը` ապրիլի 24-ի երեկոյան, Փարիզում, Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված հիշատակի հանդիսավոր արարողությանը ներկա եք գտնվել և փայլուն ելույթ ունեցել»։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել  են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային հարցերի:  Երկու  երկրների վարչապետները կարևորել են հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Անդրադարձ է կատարվել  նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին:

Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am