Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Շարմազանովի համար անընդունելի է Բաղրամյան պողոտա այլ դրոշների մուտքը

Շարմազանովի համար անընդունելի է Բաղրամյան պողոտա այլ դրոշների մուտքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարում Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի ընթացքում այլ երկրների դրոշներ ծածանելը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ նկատել է, որ որոշ մարդիկ ակցիային եկել են այլ դրոշներով, ինչը ճիշտ չի համարում: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ակցիայի ընթացքում պետք է բոլորի համար արժեք լինի և ծածանվի միայն հայկական դրոշը: «Ես նման դեպքերին կպատասխանեմ ժողովրդական ասացվածքով. «Ուրիշի սեղանին թամադայություն մի արա»: Մանավանդ՝ ուրիշի դրոշներով: Այդ սեղանն ունի իր թամադան. դրանք մեր ակտիվիստներն են, մեր քաղաքացիներն են:  Եվ պետք չէ պատրաստի սեղանին, որը որոշակի հաջողության է հասել, գալ, այդ սեղանի դիրքը փոխել և ասել՝ այսօրվանից այս սեղանի թամադան ես եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հուլիսի 2-ին Բաղրամյան պողոտա ԵՄ-ի դրոշով գնալը պարզաբանել է նրանով, որ հունիսի 23-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ոչ համարժեք ուժ կիրառելու հայցով երիտասարդները դիմել են Եվրոպական դատարան, Շարմազանովը պատասխանեց.  «Դա ընկալումների և տեսակետների խնդիր է: Ես իրեն առողջություն եմ մաղթում, բայց իմ կարծիքը հետևյալն է. եթե կա բողոք, և այդ բողոքը խաղաղ է, ապաքաղաքական է, կարիք չկար այլ դրոշով խառնվել: Այստեղ խնդիրը ԵՄ-ն չէ, ՌԴ-ի դրոշով էլ գնար, Ուզբեկստանի, Ղազախստանի, դա ընդունելի չէ»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե  ԵՄ-ն արժեքային համակարգ է, մի պետության դրոշ չէ, որ ընդվզեին՝ Շարմազանովը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության եռագույնն է իմ համար ամենամեծ արժեքային համակարգը:  Կարծում եմ,  նաև իր համար պետք է այդպես լինի, քանի որ երկար տարիներ պայքարել է Հայաստանի անկախության համար»:

Հուլիսի 2-ին ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր թիմի հետ Բաղրամյան պողոտա էր այցելել ԵՄ-ի դրոշներով: Դա ակնհայտորեն դուր չեկավ ցուցարարներին, ովքեր Հայրիկյանին հորդորեցին անմիջապես հեռացնել ԵՄ-ի դրոշները, ինչի արդյունքում նրանց միջև բանավեճ սկսվեց: Երկար բանավեճի արդյունքում Հայրիկյանը հեռացրեց ԵՄ-ի դրոշները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am