Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մինսկում քննարկվել է Գյումրիում հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություն հիմնելու հարցը

Մինսկում քննարկվել է Գյումրիում հայ-բելառուսական համատեղ 
ձեռնարկություն հիմնելու հարցը

ՄԻՆՍԿ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը, որին մասնակցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ողջույնի խոսքով հանդես են եկել միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Վիկտոր Գումինսկին:

Ողջունելով բելառուս գործընկերներին միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացման կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հանձնաժողովը բաց եւ կառուցողական երկխոսության հարթակ է: Նա փաստել է, որ համատեղ ջանքերով հաջողվել է հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում զգալի հաջողություններ արձանագրել:

«Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս երկուսի կապն առաջին հայացքից անտեսանելի է եւ անուղղակի է թվում, բայց պետք է նշեմ, որ 1915 թվականին հայ ժողովրդի միլիոնուկես զավակներ զոհ դարձան հենց այդպիսի նացիզմի եւ ֆաշիզմի: Թուրքիայի անպատժելիությունն էր, որ ծնեց Մուսոլինիի ֆաշիզմը եւ Հիտլերի նացիզմը: Սրա վառ օրինակը գերմանական ռազմական հրամանատարության առջեւ Հիտլերի հայտարարությունն էր. «Ով է այժմ հիշում Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Գերմանիայի քաղաքականությունը երիտթուրքերի նացիզմի քաղաքականության շարունակությունն էր»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Այնուհետեւ քննարկվել են նիստի օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում կողմերի համագործակցությանը, Հայաստանում եւ Բելառուսում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման արդյունքներին:

Օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արծվիկ Մինասյանը եւ Գագիկ Մելիքյանը:

Նիստի ընթացքում կողմերը կոչ են արել ընդլայնել միջխորհրդարանական համագործակցության շրջանակը, կարեւորվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը եւ դերը: Առաջարկություններ են ընդունվել, որոնք մասնավորապես վերաբերել են տնտեսական ոլորտի բարեփոխումներին: Կողմերն առաջարկել են Գյումրի քաղաքում հիմնել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման եւ պահեստամասերի արտադրության հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություն:

Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման ժամկետների եւ թեմայի հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am