Հայ արիականները կոչ են անում էլեներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարել առանց քաղաքական նկատառման
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Արիական Միաբանությունը և Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայրենասեր երիտասարդների համառությունն ու հաղթական առաջին քայլերը և առանց քաղաքական որևէ նկատառման, հայտնում իրենց աջակցությունն Ազատության հրապարակում շարունակվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշված է Հայ Արիական Միաբանություն և Հայ Ազգայնականների Համախմբում կազմակերպությունների հայտարարության մեջ:
«Այս օրերին առանց քաղաքական որևէ նկատառման, բացառապես երիտասարդական կառույցների միջոցով Հայ Արիական Միաբանությունը և Հայ Ազգայնականների Համախմբումը սատարել են «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը, որը կազմակերպեց ու նախաձեռնեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը համաժողովրդական պայքարի վերածվեց, ինչը մի խումբ երիտասարդների հասուն գործելաոճի եւ ազնիվ պայքարի արդյունք եղավ, նաեւ յուրաքանչյուր հայի սրտով էր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ առաջարկեց հանդիպել եւ բանակցել, սակայն նախաձեռնության կազմակերպիչները նախընտրեցին հեռահար բանակցությունը եւ պայքարի շարունակականությունը: Ի վերջո, նախաձեռնողները հասան այդ դրական արդյունքին, որ երկրի նախագահը իր մոտ հրավիրած համապետական քննարկմանը հավաստեց միջազգային աուդիտի անցկացման անհրաժեշտությունը եւ հանգամանալից ստուգումների ապահովումը, որին կարող են մասնակցել նաեւ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները»,- ասված է հայտարարության մեջ:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականները ողջունում են նաեւ կուտակայինի դեմ պայքարած «Դեմ եմ»-ի տղարների՝ «Ո՛չ թալանին» շարժմանը աջակցելու գործելաոճը, քանի որ «Դեմ եմ»-ի կազմակերպիչներն արդեն ապացուցել են, որ կարողանում են զերծ մնալ քաղաքական խաղերին տրվելուց եւ պայքարում են հանուն նպատակի հաղթանակի:
Միաժամանակ, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց զարմանքն են հայտնում այն քաղաքական ու հասարակական ուժերի, անհատների նկատմամբ, որոնք փորձում են իրենց քաղաքական նպատակներին հարմարեցնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը, ինչպես յուրաքանչյուր նմանատիպ պայքար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում