Թուրք նորընտիր պատգամավորները տասը ժամ երդում են տվել
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման նստաշրջանի նորընտիր պատգամավորները մեջլիսում մասնակցել են երդման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, արարողությունը տևել է 10 ժամ:
Մեջլիսի խոսնակի պարտավորություններն իրականացրել է քեմալական Հանրապետական ժողովրական կուսակցության նախկին ղեկավար, նույն կուսակցությունից Անթալիայից ընտրված պատգամավոր Դենիզ Բայկալը: Արարողությանը հետևել է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Որոշվել է, որ մեջլիսի նոր նախագահի ընտրության առաջին և երկրորդ փուլերը կկայանան հունիսի 30-ին, չընտրվելու պարագայում արդեն երրորդ և չորրորդ փուլերը տեղի կունենան հուլիսի 1-ին: Մինչ այդ բոլոր թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց դիմումները:
Խոսնակին ընտրելուց հետո երկրի նախագահը պատգամավորներից մեկին կհանձնարարի կազմել կառավարություն, ինչից հետո էլ կսկսվեն կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները: Կառավարություն կազմելու համար կտրվի 45 օր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում