Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համահայկական խաղերին մասնակցելու համար Սփյուռքից ներկայացրել են 4000 մասնակցի հայտ

Համահայկական խաղերին մասնակցելու համար Սփյուռքից ներկայացրել են 
4000 
մասնակցի հայտ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղ է ունեցել համատեղ նիստ, որին մասնակցել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նիստին ներկա են գտնվել նաև Խաղերի օրակարգում ընդգրկված 17 մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներն, ինչպես նաև Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպման և անցկացման համար ձևավորված հանձնաժողովների ղեկավարները:

Գաբրիել Ղազարյանը ողջունել է ներկաներին և ասել, որ այսօր ներկա են մարզական երեք կարևոր կառույցների ղեկավարները: Նախարարը նշել է, որ խաղերի կազմակերպման և անցկացման համար ձևավորվել է կառավարական կազմկոմիտե, որում ընդգրկված են 30 գերատեսչություններ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեում ստեղծվել է նաև 12 հանձնաժողով, որոնց ղեկավարներին և աշխատանքների ոլորտները ներկայացրել է նախարար Ղազարյանը: «Համահայկական խաղերը ապացուցում են սպորտի համախմբող ուժը, քանզի այս խաղերը մեկտեղում են ողջ հայությանը` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Խաղերը, մարզական մրցակցությունից և տարբեր մարզաձևում ուժերը չափելուց բացի, մասնակիցներին տալիս է նաև լավ հնարավորություն՝ ձեռք բերել նոր ընկերներ»,- ասել է նախարարը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և ՀԱՕԿ-ին՝ խաղերի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար: Կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ այս խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում: «Համահայկական 6-րդ ամառային խաղերը աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների քանակով, այլ նաև քաղաքների աշխարհագրությամբ: Այս պահի դրությամբ՝ միայն Սփյուռքից արդեն կա 4000 մասնակցի հայտ», - նշել է ՀԽՀԿ նախագահը:

Ելույթ է ունեցել նաև ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը, որը ողջունելով համահայկական խաղերի անցկացման գաղափարը, նկատել է, որ խաղերը անցկացվում են արդեն վեցերորդ անգամ և կազմակերպիչները ունեն խաղերի անցկացման լավագույն փորձը: «ՀԱՕԿ-ը շարունակելու է իր աջակցությունը խաղերի կազմակերպման և հաջող անցկացման գործում: Բազմիցս լինելով արտերկրում՝ ես զգացել եմ, թե որքան կարևոր է հայ երիտասարդների կապը հայրենիքի հետ և այսօր այդ կապն իրագործվում է համահայկական խաղերի միջոցով»,- ասել է Ծառուկայնը և տեղեկացրել, որ խաղերի կազմակերպման համար «Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» կողմից տրամադրելու է 50 մլն ՀՀ դրամ: «Համահայկական խաղերը շատ կարևոր մարզական և պետական միջոցառումներնե են, որոնք ամրապնդում են Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը: Առավել քան վստահ եմ, որ մասնկիցները Հայաստանից կմեկնեն լավ տպավորությամբ` նորից հայրենիքի վերադառնալու ցանկությամբ»,- նշել է ՀԱՕԿ նախագահը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինիֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am