Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայ ժողովուրդը նշում է Հանրապետության տոնը

Հայ ժողովուրդը նշում է Հանրապետության տոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի 97-ամյակը՝ Հանրապետության տոնը: 1918-ի այս օրը Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում  տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի՝ շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը:

Իննսունյոթ տարի առաջ Երևանից ոչ հեռու, մեր ժողովրդի` ցեղասպանությունից մազապուրծ բեկորները կենաց-մահու գոտեմարտ մղեցին եղեռնագործ թշնամու դեմ` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի ազատության, հանուն ազգի գոյատևության: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2014թ. մայիսի 28-ին Սարդարապատում, Հանրապետության տոնին նվիրված տոնակատարության ժամանակ հղած ուղերձում նշել է. «1918 թվականի մայիսի 28-ին ճակատագիրը մեզ պատմական հնարավորություն ընձեռեց վերականգնելու Հայաստանի անկախությունը: Ռուսաստանի հեղափոխական ցնցումները, առաջին աշխարհամարտի իրադարձությունները և անպատեհ այլ հանգամանքներ ստեղծել էին մի իրավիճակ, երբ մենք մնացել էինք մենակ բազում մարտահրավերների առջև: Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում շարունակվում էր, ռուս-թուրքական ռազմաճակատը վերածվել էր հայ-թուրքական ճակատի:

Ահա այդ պահին և այդ պայմաններում տեղի ունեցավ հրաշքը, որ ավելի աշխարհական բառով կոչվում է սխրանք: Այդ սխրանքը գործեցին հայ ռազմիկները, քաղաքական գործիչները, շինականները, հոգևորականները, մտավորականները, հայության ամբողջ մի սերունդ: Չսպասված, չծրագրված, չնախապատրաստված և խորքում՝ ողբերգական մայիսի 28-ը նրանք վերածեցին ազգային զարթոնքի: Այն կոչված էր պատերազմի ու ցեղասպանության, սովի ու համաճարակների, գաղթականության և հուսահատության հովիտը՝ Հայաստանը, դարձնելու ազատ, անկախ, բարեշեն և ժողովրդավար երկիր»:

1918թ. մայիսի 22-28-ին թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտի 50-ամյա տարեդարձի օրը տեղի է ունեցել Սարդարապատի հուշահամալիրի բացումը: Այն կառուցվել է ճիշտ ճակատամարտի վայրում:

Ուղղահայաց «Զանգակատունը», որի հորինվածքը կազմված է չորս վերասլաց մույթերից, կարծես պատրաստ է զանգահարելու և ոտքի հանելու ժողովրդին վտանգի պահին, ինչպես եղել է դաժան պայքարի օրերին, երբ վեց օր շարունակ զանգերը ղողանջել են` ժողովրդին հանելով ազատագրական պատերազմի:

Այս օրը  հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև Արցախում անցկացվում են ավանդական միջոցառումներ` ի հիշատակ անկախություն կերտած հայ հերոսների: ՀՀ բարձրագույն իշխանությունն ավանդաբար այցելում է Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am