Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունը հստակեցրել է բնակելի տարածքների նվիրատվության կարգը

Կառավարությունը հստակեցրել է բնակելի տարածքների նվիրատվության կարգը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 27-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչև նիստն սկսելը վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարից հետաքրքրվել է, թե վերջերս գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների հետ կապված ինչ ուսումնասիրություն է արվել: Նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ Էջմիածնի խճուղում գտնվող գազալցակայանը ստուգվել է 6 ամիս առաջ, տուգանվել 1 մլն դրամով, քանի որ եղել էին բազմաթիվ թերություններ, որոնք պետք է վերացվեին, սակայն չեն արվել: Երեկ հանձնարարվել է առավել ակտիվացնել գազալցակայանների հետ տարվող աշխատանքը: Թերություն հայտնաբերվելու դեպքում կզեկուցվի վարչապետին, եթե կարիք լինի՝ թերացող գազալցակայանների շահագործումը կդադարեցվի:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է խստացնել անվտանգության ռեժիմների վերահսկողությունը և մշտապես հետևել դրանց:

ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարները վարչապետից հանձնարարություն են ստացել ուսումնասիրել, թե հակակարկտային քանի կայան է անհրաժեշտ գյուղատնտեսական տարածքները ամբողջությամբ պաշտպանելու համար: Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է նաեւ կառավարության հաջորդ նիստում տեղեկանք ներկայացնել կարկտահարության հետևանքների մասին:

Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, ինչը թելադրված է բնակիչներին նվիրվող տարածքների նվիրատվության պայմանների հստակեցման, արդիականացման և փաստաթղթերի հավաստիության ապահովման անհրաժեշտությամբ: Նվիրատվության պայմանների փոփոխության և պարզեցման արդյունքում կլուծվեն քաղաքացիների առավել մեծ զանգվածի սոցիալական խնդիրները:

Կառավարությունը բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղանակով 60 մլն դրամով ավելացրել է «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրով նախատեսված առաջին կիսամյակի գումարը՝ անփոփոխ թողնելով նախատեսված հատկացումների տարեկան գումարը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդիր է դրել հնարավորինս կրճատել գործուղումների թիվը: Խոսքն, իհարկե, չի վերաբերում հատկապես կարևոր այցերին, բայց եթե խնդիրը նվազ կարևոր է, պետք է մերժել գործուղման հայտը: Նման հանձնարարություն է տրվել նաև կառավարության աշխատակազմին:
Կառավարության որոշմամբ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրով վերականգնված ոռոգման մայր ջրանցքները, պոմպակայանները, երրորդ կարգի ջրանցքները և Արարատյան դաշտի դրենաժային համակարգը համապատասխան ձևակերպումներով հանձնվելու են ըստ պատկանելիության՝ դրանց պատշաճ շահագործումն ապահովելու համար:

ՀՀ կառավարությունը հաստատել է անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուին ներկայացվող պահանջները. ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի ծնելիության աճին: Կառավարությունը հաստատել է շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգը, որի կիրառմամբ հնարավոր կլինի ազդեցության գնահատման փուլում ընտրել առավել արդյունավետ տարբերակը և հաշվարկել հատուցումը: Հաստատվել է «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» օրենքով ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին 2015թ. ձեռք բերվող մարզագույքի բաշխման ցանկը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին», որոնց ընդունմամբ կկարգավորվեն հողային պաշարների պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները:

Նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որի մշակումը պայմանավորված է պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների 1-ին ցանկում «Հայփոստ» ՓԲԸ-ի ընդգրկմամբ: Ակնկալվում է, որ ընկերության մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը, փոստային կապի զարգացմանը:

Գործադիրը քննարկել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը: Նրանք առաջարկում են, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ազգային ժողովում հանդես գա ոչ միայն տարեկան, այլև կիսամյակային հաշվետվությամբ, ինչպես նաև օրենքով սահմանվեն այդ հաշվետվություններում ներառվող տեղեկության նկատմամբ անհրաժեշտ պահանջներ: Կառավարությունը նպատակահարմար չի համարել առաջարկված փոփոխությունը, քանի որ նշված պահանջների ամրագրումն օրենքով կարող է վտանգել դրա ճկունությունը. նշված է նաև մի քանի այլ առարկություն:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Ի կատարումն ՀՀ նախագահի 2015թ. մայիսի 19-ի «2015թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու համար ստեղծել հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, հաստատել դրանց և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմերը, զորակոչն անցկացնել մայիս-հուլիս ամիսներին:

2015թ. առաջին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 281 անձնագիր (Սիրիայում՝ 235, Լիբանանում՝ 39, Իրաքում՝ 7), որոնց դիմաց պետական տուրք չի գանձվել: Շարունակելով հայազգի օտարերկրյա քաղաքացիներին աջակցելու իր որդեգրած քաղաքականությունը, կառավարությունը փոխհատուցել է պետտուրքի գումարը՝ շուրջ 17 մլն դրամ հատկացնելով ՀՀ արտգործնախարարությանը:

Մեկ այլ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետության հայազգի քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել ՀՀ ազգային վարորդական ժամանակավոր վկայական տալ մեկ տարի ժամկետով, ինչպես նաև քննությունները դրական հանձնելու դեպքում ՀՀ ազգային վարորդական վկայական ստանալ առանց Սիրիայի վարորդական վկայականը փոխանակելու կամ հանձնելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am