Քաղաքաշինության նախարարությունը ձեռք է բերել Պալյանների ճարտարապետական գերդաստանի արխիվը
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ շուրջ 6 ամիս տևած բանակցությունների արդյունքում Հայաստան է բերվել Կոնստանդնուպոլսի բազմաթիվ բարձրարժեք և հայտնի շենքերի հեղինակ Պալյանների ճարտարապետական գերդաստանի արխիվը, որը ներառում է նախագծեր, լուսանկարներ, գրավոր նյութեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, բացառիկ այս ժառանգության հետ ճարտարապետներ՝ Լևոն, Հովհաննես և Արմեն Կուրեղյանների, անծանոթ հեղինակների 1900-1904-ին հայկական ճարտարապետության հուշարձանների լուսանկարների արխիվը ևս իտալաբնակ հայ ճարտարապետ Արմեն Կուրեղյանը ՀՀ քաղաքաշինության նախարարությանն է հանձնել որպես նվիրատվություն:
Մայիսի երկրորդ տասնօրյակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության և ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայկական պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արամ Բադալյանի գլխավորությամբ: Գիտաժողովը մեկնարկել է Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր հայր Եղիա ծայրագույն վարդապետ Քիլաղբյանի կողմից մատուցված խորհրդանշական պատարագով:
Պաշտոնական բացմանը Մխիթար Սեբաստացու արձանի մոտ ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Արամ Բադալյանը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալներ և պատվոգրեր շնորհելով ճարտարապետներ Արա Զարյանին և Քրիստին Լամորյեին՝ Երևանյան ճարտարապետական բիենալե 2014-ին «Պատմամշակութային հուշարձանի վերականգնում» անվանակարգում «Զորավար Սուրբ Գևորգի Լմբատավանքի մանրանկարների պատկերագրություն» աշխատանքի համար:
Պատվիրակությունը մասնակցել է նաև Վենետիկի «Մուրադ Ռաֆայելյան» վարժարանում անցկացված գիտաժողովի աշխատանքներին, որի ընթացքում Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը ներկայացրել է հայ-իտալական ճարտարապետական առնչություններին վերաբերող իր զեկույցը:
Գիտաժողովի օրերին «Մուրադ Ռաֆայելյան» վարժարանի ցուցասրահում բացվել է քաղաքաշինության նախարարության կազմակերպած՝ Մեծ Եղեռնը վերապրած հայ ճարտարապետների երեք սերունդների ստեղծագործություններին նվիրված «Վերապրածները...» խորագրով ցուցահանդեսը՝ մեծ հետաքրքրություն առաջ բերելով գիտաժողովի մասնակիցների և հյուրերի շրջանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում