Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Գողության և անարդյունավետ կառավարման համար սպառողը չպետք է վճարի. Դավիթ Հարությունյան

Գողության և անարդյունավետ կառավարման համար սպառողը չպետք է վճարի. 
Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մատուցած ծառայության ընթացքում ի հայտ են գալիս գողության և անարդյունավետ կառավարման խնդիրներ, դրանց պատասխանատուն պետք է լինի ընկերությունը: Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան` հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ գողության և անարդյունավետ կառավարման համար սպառողը չպետք է վճարի: «Այս դեպքում վճարում է սեփականատերն իր շահույթների հաշվին, սպառողը պետք է վճարի իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց: Այո, եթե սակավաջուր տարի է, և մենք ունենք քիչ արտադրված էժան էլեկտրաէներգիա, այդ դեպքերում` սպառողը պետք է վճարի, բայց մյուս դեպքերում` ոչ: Կարծում եմ` հարցը ուղղված է այն հանձնաժողովին, որն իրավասու է այդ հարցերին պատասխաններ տալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Դավիթ Հարությունյանը` պատասխանելով «Եթե տեղի է ունեցել վատ կառավարում, գողություն, կառավարությունը պատրաստվո՞ւմ է պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ» հարցին:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ գողության դեպքերի բացահայտմամբ պետք է կազմակերպությունը շահագրգռված լինի: «Յուրաքանչյուր նման կազմակերպությունում կան առևտրային կորուստներ, որոնք գիտական մեթոդներով հաշվարկվում են: Այս դեպքում` առևտրային կորուստն այն է, որ որոշ տեղերում կարող է լինել մանր գողություն, որը չես կարող բացահայտել կամ դրա բացահայտման, կանխմանն ուղղված միջոցներն անհամատեղելի են: Հենց սահմանված չափից ավելի են լինում կորուստները, դա պայմանականորեն մենք համարում ենք գողություն, որը սեփականատիրոջ գրպանից արվող գողություն է, եթե մենք սկսեինք դա ֆինանսավորել, կլիներ գողություն սպառողի գրպանից: Թող սեփականատերն ինքն իր հարցերը լուծի»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Պաշտոնյան տեղեկացրեց, որ սեփականատիրոջ հետ քննարկումներ ունեցել են  կորուստների մասով, որի ժամանակ լսել են բացատրություններ, որ բացահայտումները միշտ չէ, որ հնարավոր են իրականացնել, երբ չկան չափիչ սարքեր, որի համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը յուրաքանչյուր տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտի քննարկման ժամանակ նշյալ գերկորուստները երբևէ սակագնի մեջ չի ներառել:  «Հանձնաժողովը միշտ պնդել է` սեփականատեր, թող գերկորուստները գնան քո շահույթից, դա է պահանջում մեր օրենսդրությունը: Կարգավորող մարմինը, երբ նախատեսում է սակագինը, հաշվարկում է այն կորուստները, որոնք համարում է թույլատրելի ու դրանից մեկ լումա ավելի լինելու դեպքում, նշում է, որ դա գնա շահույթից»,-հավելելեց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է մտավախությանը, որ «ՀԷՑ»-ում թանկարժեք ավտոմեքենա են վարում, որի համար սպառողն է վճարում իր գրպանից, Դավիթ Հարությունյանը նշեց.  «Պետք է որևէ մեքենա քշի, թե ոչ: Դա կոչում են ընկերության ծախսեր: Եթե որևէ բաժանմունքի ղեկավարը ուզում է քշել Լեքսուս, թող քշի, բայց միայն ընկերության շահույթի հաշվին, իսկ հանձնաժողովը ծասերը հաշվարկելիս ասում է` ես կհաշվարկեմ այն նույն ստանդարտը, որն ընդունված է պետական կառավարման մարմինների համար: Ես այն կհաշվարկեմ սակագնում ստանդարտ մեքենայի չափով, ասենք` 12 հազար դոլար` 100 հազար դոլար արժողությամբ մեքենայի դեպքում: Որպես կազմակերպություն կարո՞ղ է առողջարանային համալիր կառուցել, մարզադաշտ, այո, սպառողի հաշվի՞ն` ոչ, սեփական շահույթի հաշվին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am