Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Պուտինը եւ Քեմերոնը քննարկել են Մինսկի պայմանավորվածությունների իրագործման խնդիրը

Պուտինը եւ Քեմերոնը քննարկել են Մինսկի պայմանավորվածությունների իրագործման խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են Մինսկի փետրվարի 12-ի պայմանավորվածությունների իրագործման համալիր միջոցառումների անշեղ կատարման անհրաժեշտությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Պուտինը «կարեւորել է ուղղակի երկխոսության հաստատումը Կիեւի իշխանությունների եւ Դոնբասի ներկայացուցիչների միջեւ, ինչը կնպաստի Ուկրաինայի հարավ-արեւելքում կայուն կարգավորման հասնելուն»:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներով ռուս-բրիտանական շփումների շարունակման շուրջ: Հաստատվել է բրիտանական կառավարության հետ փոխգործակցելու պատրաստակամությունը ինչպես երկկողմ օրակարգի հարցերի, այնպես էլ միջազգային խնդիրների շուրջ կառուցողական համագործակցության վերականգնման նպատակով»,- նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը՝ «շեշտը դնելով սիրիական խնդրի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հակազդելու վրա»: «Գոհունակություն է հայտնվել իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում միջնորդների «վեցյակի» համատեղ արդյունավետ ջանքերի կապակցությամբ»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am