Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թաներ Աքչամը չի ամաչում բաց խոսել Հայոց ցեղասպանության հարցում թուրքերի կարծրատիպերի մասին

Թաներ Աքչամը չի ամաչում բաց խոսել Հայոց ցեղասպանության հարցում թուրքերի 
կարծրատիպերի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբան Թաներ Աքչամը մերկացրել է Հայկական հարցի նկատմամբ Թուրքիայի ներսում առկա թյուրըմբռնումն ու կարծրատիպերը:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Թարաֆ» պարբերականում «Թուրքականությունը և պատմությանն առերեսումը» խորագիրը կրող հոդվածում պատմաբանը համոզմունք է հայտնել, որ թուրքական հասարակությունը չի կարող որևէ հարց լուծել ճիշտ և արդար ձևով, քանի դեռ չի փոխել պատմության վերաբերյալ ընկալումներն ու խոսելաձևը:

«Պատմության նկատմամբ թուրքական մոտեցումները բխում են երկու սխալ համոզմունքից: Առաջինն այն է, որ մարդիկ հավատում են, թե 1915 թվականին տեղի ունեցածները հանցագործություն չեն: Այսինքն, խնդիրը չի տեղավորվում ցեղասպանության հայեցակարգի մեջ: Սա լիակատար թյուրըմբռնում է... Պաշտպանվում է այն միտքը, որ եթե մի պետություն իրեն զգում է վտանգի մեջ, ապա կարող է իր քաղաքացիներին աքսորել, և անգամ եթե այս ընթացքում քաղաքացիների մի մասը զոհվում է, գուցե և դա ցավալի փաստ է, սակայն ի վերջո դա հանցագործություն չէ:

Երկրորդ համոզմունքն այն է, որ «1915 թվականին ինչ-որ բան է տեղի ունեցել» ասելը կնշանակի Թուրքիային սևացնել, մեղադրել, քանի որ «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել» ասողները, ստացվում է, որ ասում են «Մեր պապերը մարդասպաններ են, թուրքերը մարդասպաններ են»,- գրում է Աքչամը` փաստելով, որ դեռևս շատերը կան, ովքեր որպես վիրավորանք են ընդունում, երբ ասվում է, որ «1915 թվականին հայեր են սպանվել», քանի որ կարծում են, թե այդ մեղադրանքն ինչ-որ տեղ ուղղված է նաև անձամբ իրենց դեմ:

Թուրք պատմաբանը նշում է, որ հետաքրքիր կապ կա թուրք լինելու և «1915-ին հայեր չեն սպանվել» ասելու միջև: «Ինչպե՞ս կարող է այդ կապը վերանալ: Լինելով թուրք, թուրքական ազգի ներկայացուցիչ` հնարավո՞ր է արդյոք ասել, որ «1915-ին հայեր են սպանվել»:

Այո, հնարավոր է. Հրանտը սպանվեց հայ լինելու պատճառով: Օգյուն Սամասթը հանցագործությունն իրականացրեց թուրքականության անունից: Այսօր, երբ ասվում է, որ «Սամասթը հանցագործ է», շատ քչերն են մտածում, որ թուրքականությունը վիրավորվում է կամ թուրքականության անունը սևացվում է: Մարդիկ կարողանում են Օգյուն Սամասթին մարդասպան ասելու և թուրքականության միջև տարանջատում դնել, սակայն նույնը 1915-ի Օգյուն Սամասթների` Թալեաթի, Էնվերի և Ջեմալի համար չեն կարողանում անել»,- արձանագրում է Աքչամը` փաստելով, որ անհրաժեշտ է վերացնել առկա թյուր ընկալումները: Պատմաբանի համոզմամբ` խնդրի նկատմամբ ներկայիս ընկալումները թույլ չեն տալիս վերացնել առկա կարծրատիպերը, սակայն դա հնարավոր կարող է լինել, եթե գտնվեն և խոսեցվեն այնպիսի մարդիկ, ովքեր, լինելով թուրք և հպարտանալով իրենց թուրքականության համար, կխոսեն և կդատապարտեն հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am